14:33  ,  27 հունիսի, 2017

Հովհաննես Բաչկովը եւ Դավիթ Թորոսյանն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը

Բռնցքամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել են Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունը:

Հովհաննես Բաչկով. «Շատ ուրախ եմ, որ հաջողվեց նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: Բարդ տրվեց այս հաղթանակ, բայց շատ սպասված էր: Որոշել էի Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո մտածել պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու մասին, բայց այժմ ծրագրերս հետաձգվում են, քանի որ առաջիկայում աշխարհի առաջնությունն է:

Այս հաղթանակին բոլորս էլ երկար տարիներ էինք սպասել: Միշտ ինչ-որ մի բան խանգարում էր՝ մրցավարական գործոններ, լավ մարզավիճակի պակաս: Այս անգամ ավելի լավ մարզավիճակում էի, եւ շատ ուրախ եմ, որ մրցավարները դրական տրամադրվածությունն իմ կողմն էր եւ բարձր գնահատեցին իմ հարվածները:

Ոչ մի մենամարտ չեմ առանձնացնի, քանի որ բոլորն էլ բարդ ու յուրահատուկ էին ինձ համար: Այս հաղթանակը բոլորիս հաղթանակն էր: Թիմային համախմված ու ճիշտ աշխատանքի արդյունքում կարողացանք հաղթանակը կորզել:

Դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, այժմ ամեն ինչ պետք է անեմ, որ աշխարհի առաջնությունում եւս պատվով հանդես գամ: Տրամադրված եմ մարտական եւ ամեն ինչ անելու եմ, որ աշխարհի առաջնությունից եւս հաղթանակով վերադառնամ եւ ուրախացնեմ հայ ազգին:

Հայ մարզիկների եւ նաեւ իմ նկատմամբ միջազգային մրցահարթակում մրցավարական անարդարությունները շատ են եղել: Ես դեռ չունեի մեդալ կարեւորագույն մրցաշարերից եւ առանց սիրողական բռնցքամարտում լուրջ նվաճում ունենալու չէի կարող տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ցանկանում էի անպայման Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն դառնալ, որպեսզի ինքս իմ երկար տարիների աշխատանքը գնահատեմ»,- ասաց Հովհաննես Բաչկովը:

Դավիթ Թորոսյան. «Մեդալն ինքնին խոսում է Եվրոպայի առաջնության արդյունքների մասին: Մենք մեր ծրագիրը կատարել ենք: Ես այդպես եմ մտածում: Թե ինչու մյուս քաշային կարգերում մեդալներ չունենք, այլ խնդիր է: Մենք փոքր երկիր ենք, մեր հնավարությունները սահմանափակ են եւ նման խոշոր մրցաշարերում բարդ է մեր նման երկրի համար մի քանի մեդալ նվաճելը, սակայն հնարավորություններն ունենք:

Կարողացանք նվաճել նաեւ աշխարհի առաջնության երկու ուղեգիր: Եվրոպայի առաջնությունից հետո աշխարհի առաջնությունն եւ ունենք 1.5 ամիս: Իսկ մեր մարզիկներն այս խոշոր ու ծանր մրցաշարից հետո պետք է մոտ մեկ ամիս հանգստանային:

Աշխարհի առաջնությանը այս պահին մասնակցելու իրավունք ունեն միայն Կարեն Տոնականյանը եւ Հովհաննես Բաչկովը: Բայց մեծ հույսեր ունեմ, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի միջամտությամբ կփորձենք նաեւ Նարեկ Մանասյանին եւս ընդգրկել աշխարհի առաջնության կազմի մեջ, քանի որ Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկին, նաեւ մեզ շատ նեղացրեցին: Գուցե արտահերթ կարգով կարողանանք Նարեկին էլ ընդգրկել:

Աշխարհի առաջնությունից առաջ կունենանք երկու ուսումնամարզական հավաք: Առաջինը կլինի ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ, հետո արդեն մասնագիտական»,- նշեց Դավիթ Թորոսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում