17:52  ,  12 հունիսի, 2017

Փարիզի դատախազությունը կզբաղվի Հարութ Գրիգորյանին նոկաուտի ենթարկած հոլանդացու վրա հարձակվողների գործով

Քիկբոքսինգի Glory 42 մրցաշարի կազմակերպիչ Glory ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Փարիզում տեղի ունեցած մենամարտի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Գրիգորյանին նոկաուտի ենթարկած հոլանդացի Մուրտել Գրոնհարթի վրա ռինգում երկու երկրպագուների հարձակման փաստին: Ընկերությունը հետամուտ է լինելու միջադեպի հետաքննությանը եւ հարձակվողների դեմ դատական հետապնդմանը:

«Մենք ցնցված ենք եւ շոկի մեջ ենք այդ երկու տղամարդկանց վարքից: Նրաց դեմ հետաքննությունը շարունակվում է: Օրենքին համապատասխան կիրականացվի դատական հետապնդում: Ֆրանսիայում մեր իրավաբանական ներկայացուցչությունը պաշտոնական բողոք կներկայացնի Փարիզի դատախազություն եւ մեղավորները պատիժ կկրեն»,- ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Մուրտել Գրոնհարթը նոկաուտի էր ենթարկել Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, երբ հայ մարզիկը շրջվել էր եւ մրցակցին մեջքով էր: Սակայն մրցավարը մենամարտը դադարեցրած չի եղել, եւ Գրոնհարթը որեւէ կանոն չի խախտել այդ հարվածով:

Երկրպագուները բուռն դժգոհությամբ էին արձագանքել տեղի ունեցածին, իսկ երկուսը մտել էին ռինգ եւ հարվածել հոլանդացի մարզիկին: Ամենայն հավանականությամբ, նրանք Գրիգորյանի ընկերներն են: Մրցաշարի կազմակերպիչներն ու մրցավարները դժվարությամբ են կարողացել Մուրտելին ազատել հարձակվածներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում