19:03  ,  8 հունիսի, 2017

Միհրան Հարությունյան. Երբեք զենք չեմ կրել

Երբեք չեմ կրել զենք, քանի որ դրա անհրաժեշտությունը չունեմ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայից ասել է հունահռոմեական ըմբշամարտի Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը՝ հերքելով լուրերը, թե Ռուսաստանի մայրաքաղաքում դարձել է կրակոցներով ավարտված վեճի մասնակից:

«Որեւէ կերպ առնչություն չունեմ Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած վեճի ու կրակոցների հետ։ Այդ ամենը պրովոկացիա է իմ անձի հանդեպ։ Ինքս զենք չեմ կրում եւ երբեք չեմ կրել, քանի որ դրա անհրաժեշտությունը չունեմ։ Կրկնում եմ՝ սա իսկապես պրովոկացիա է։ Այս շրջանում զբաղված եմ ձեռքիս վնասվածքով, բուժզննությամբ։ Վաղը հանդիպելու եմ անեսթեզիոլոգի հետ, իսկ վիրահատությունը կայանալու է երեքշաբթի օրը»,- ասաց 28-ամյա ըմբիշը:

Ավելի վաղ ռուսական Life.ru-ն հայտնել էր, որ Միհրան Հարությունյանը  Մոսկվայի կենտրոնում կռվի է բռնվել իր ընկերոջ` Սամվել Ավետյանի հետ, եւ իր մոտ եղած տրավմատիկ ատրճանակից կրակել եւ ոտքից վիրավորել է Ավետյանին: Կայքի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը, սակայն Սամվել Ավետյանը հրաժարվել է հոսպիտալացվելուց եւ բողոք չի ներկայացրել Միհրան Հարությունյանի դեմ: Ընկերները ոստիկանությանը պնդել են, որ կրակոցը հնչել է պատահաբար:

Միհրան Հարությունյանի անձնական մարզիչ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը եւս NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը՝ նշելով, որ Միհրան Հարությունյանը հիվանդանոցում է եւ պատրաստվում է ձեռքի վիրահատությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում