00:39  ,  4 հունիսի, 2017

«Ռեալը»՝ Չեմպիոնների լիգայի 12-ակի գավաթակիր, տիտղոսը պաշտպանած առաջին ակումբ

Մադրիդի «Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը եւ դարձավ առաջին թիմը, որը երկու տարին անընդմեջ գավաթակիր է դառնում Չեմպիոնների լիգայի դարաշրջանում, իսկ Զիդանը՝ երկու տարին անընդմեջ տիտղոսը նվաճած առաջին մարզիչ: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցած եզրափակիչում Իսպանիայի 33-ակի չեմպիոնները 4:1 հաշվով առավելության հասան Իտալիայի 33-ակի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ:

20-րդ րոպեին ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի սրընթաց կոմբինացիան հեռվից կատարած հարվածով եզրափակեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որն օգտագործեց Դանիել Կարվախալի փոխանցումը:

27-րդ րոպեին իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը պատասխանեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի հետադարձ գեղեցիկ հարվածով: «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը չհասցրեց հետ գնալ եւ հետ մղել հարվածը:

Ընդմիջումից հետո Արքայական թիմը զգալի տարածքային եւ խաղային առավելությունը վերածեց եւս երկու գոլի: 61-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին անակնկալի բերեց բրազիլացի հենակետային կիսապաշտպան, իսկ 3 րոպե անց Ռոնալդուն ձեւակերպեց դուբլ՝ փայլուն օգտագործելով խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի սուր փոխանցումը աջ եզրից: 

84-րդ րոպեին «Յուվենտուսը» մնաց 10 ֆուտբոլիստներով: 66-րդ րոպեին փոխարինման դուրս եկած կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուարդադոն 72-րդ եւ 84-րդ րոպեներին զգուշացվեց դեղին քարտերով եւ հեռացվեց:

Դրանից հետո «Ռեալը» խփեց նաեւ չորրորդ գոլը: Փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն 90-րդ րոպեին գրավեց Բուֆոնի դարպասը:

Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլերի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում: Պորտուգալացին խփեց 600-րդ գոլը կարիերայում (406 գոլ՝ «Ռեալում», 118 գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 5 գոլ՝ «Սպորտինգում», 71 գոլ՝ Պորտուգալիայի հավաքականում, 855 հանդիպում): Նա 6-րդ խաղացողն է, որը դուբլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

«Ռեալը» գոլ է խփում արդեն 65-րդ անընդմեջ խաղում: «Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը 503 գոլ է խփում Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարում: Հաջորդ տեղերում են «Բարսելոնան» (459), «Բավարիան» (415), «Մանչեսթեր Յունայթեդը» (350) եւ «Արսենալը» (281):

Ջանլուիջի Բուֆոնը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մասնակցած երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը՝ 39 տարեկան 126 օրական: Ամենատարեցը եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սաարը, որը 2011-ին եզրափակիչին մասնակցել է 40 տարեկան 211 օրական:

«Ռեալը» 59 տարում առաջին անգամ կարողացավ նույն մրցաշրջանում նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախորդ անգամ Արքայական թիմն այդպիսի նվաճման հասել էր 1958-ին:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ռեալ»՝ 1:4

Մարիո Մանջուկիչ, 27 – Կրիշտիանու Ռոնալդու, 20, 64, Կազեմիրո, 61, Մարկո Ասենսիո, 90

Հեռացում՝ Խուան Կուադրադո, 84, երկրորդ դեղին քարտ

«Յուվենտուս». Բուֆոն, Բարցալի (Կուադրադո, 66), Կյելինի, Բոնուչի, Սանդրո, Պյանիչ (Մարկիզիո70), Խեդիրա, Ալվես, Մանջուկիչ, Դիբալա (Լեմինա, 78), Իգուաին:

«Ռեալ». Նավաս, Մարսելո, Վարան, Ռամոս, Կարվախալ, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս (Մորատա, 89), Իսկո (Ասենսիո82), Բենզեմա (Բեյլ, 77), Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում