01:05  ,  29 մայիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը եւ Լեւոն Արոնյանը՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունում (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բժիշկ Թոմ Քաթինային շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր դառնալու առթիվ:

«Համեստ մասնակցություն ունեցա «Ավրորա» մարդասիրության մրցանակի շնորհման արարողությանը Երեւանում: Շնորհավորում եմ մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային, որը հազարավոր կյանքեր է փրկել Սուդանում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցած մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը դահլիճից լուսանկար է հրապարակել Զորի Բալայանի հետ:

«Բախտ ունեցա մարդասիրությունը տոնել իրական հերոսի կողքին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Հենրիխ Մխիթարյանին Առաջին Հանրապետության տոնի առիթով պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի եւ Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար:

Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժ Թոմ Քաթինային «Ավրորա» մրցանակը հանձնել էր շանսոնյե Շալ Ազնավուրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում