23:20  ,  28 մայիսի, 2017

Ռուսլան Կորյան. Չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունենում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Չեմ գիտակցում, թե ինչ է տեղի ունենում, չեմ հասկանում, որ մենք Ռուսաստանի Պրեմյեր լիգայում ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ: Նրանց, ովքեր մեզ հավատում էին, երբ Ռուսաստանի առաջին լիգայում նահանջել էինք 5-րդ տեղ, թեեւ այդպիսիք քիչ են: Շնորհակալություն Խաբարովսկի երկրպագուներին, իմ ընտանիքին, բարեկամներին ու ընկերներին: Գիտեմ, որ «ԲՄԱ-Խաբարովսկին» երկրպագում էր Սոչիի կեսը, քանի որ ես Սոչիից եմ»,- Ռուսլան Կորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ «ԲՄԱ-Խաբարովսկի» եւ «Օրենբուրգի» միջեւ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլի 2 խաղերում էլ գրանցվել էր 0:0 հաշիվը: Հաղթողը որոշվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որն ավելի դիպուկ էին իրացրել «ԲՄԱ-Խաբարովսկի» ֆուտբոլիստները: Մայիսի 28-ին կայացած պատասխան խաղում Ռուսլան Կորյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես եկավ 120 րոպե եւ հենց նա իրացրեց վերջին ու հաղթական 11 մետրանոց հարվածը: «ԲՄԱ-Խաբարովսկը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի ուժեղագույնների լիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում