21:59  ,  28 մայիսի, 2017

Տոտիի վերջին խաղում «Ռոման» հաղթանակ կորզեց եւ դարձավ Իտալիայի փոխչեմպիոն

Հռոմի «Ռոման» իտալացի լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտիի վերջին խաղում տանը 3:2 հաշվով հաղթեց «Ջենոային» եւ դարձավ Իտալիայի փոխչեմպիոն: A Սերիայի 38-րդ տուրի խաղում 40-ամյա Տոտին փոխարինման դուրս եկավ 54-րդ րոպեին, երբ հաշիվը 1:1 էր: 74-րդ րոպեին «Ռոման» առաջ անցավ հաշվի մեջ, սակայն 6 րոպե անց հյուրերը դարձյալ հավասարեցրին հաշիվը: Հռոմեական ակումբի հաղթական գոլը վերջին րոպեին խփեց արգենտինացի կիսապաշտպան Դիեգո Պերոտին:

«Նապոլին» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ եւ 86 միավորով գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: 87 միավոր ունեցող «Ռոման» ուժերը կփորձի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի չեմպիոն էր դարձել 91 միավորով:

Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 1993-ին: Սա նրա 786-րդ պաշտոնական խաղն էր իտալական ակումբի կազմում: A Սերիայում Տոտին անցկացրել է 619 հանդիպում եւ այդ ցուցանիշով զիջում է միայն Պաոլո Մալդինիին ու Ջանլուիջի Բուֆոնին:

Տոտին դարձել է Իտալիայի չեմպիոն (2001-ին), կրկնակի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Իտալիայի ազգային հավաքականի կազմում հարձակվողը 1998-2006-ն անցկացրել է 58 խաղ եւ դարձել 9 գոլի հեղինակ, իսկ 2006-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն:

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռոմա» - «Ջենոա»՝ 3:2

Էդին Ջեկո, 10, Դանիելե Դե Ռոսի, 74, Դիեգո Պերոտի, 90 – Պիետրո Պելեգրի, 3, Դարկո Լազովիչ, 79

«Սամպդորիա» - «Նապոլի»՝ 2:4

Ֆաբիո Կվալյարելա, 50, Կարոլ Լինետի, 90 – Դրիս Մերտենս, 36, Լորոնցո Ինսինյե, 42, Մարեկ Համշիկ, 49, Խոսե Կալյեխոն, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով