19:40  ,  28 մայիսի, 2017

Արթուր Ալեքսանյանի ու Նազիկ Ավդալյանի հանդիպումը վիրավոր զինվորների հետ անցել է ջերմ մթնոլորտում (ֆոտոշարք)

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Ռիո-2016 Օլիմիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ ծանրամարտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այցելել են ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին, որոնք վերականգնողական բուժում են ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հանդիպումը կայացավ հիվանդանոցի բակում: Ներկա էին Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, զինվորների հարազատներն ու ընկերները:

Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում զինվորները զրուցեցին չեմպիոնների հետ, կիսվեցին տպավորություններով, հետաքրքրվեցին մարզիկների մարզական կյանքից ու չեմպիոն դառնալու ճանապարհին հանդիպող դժվարություններից: Զինվորների կողմից ջերմ ընդունելության արժանացավ Արթուր Ալեքսանյանը: Ապրիլյան պատերազմի վիրավորներից մեկը՝ Արկադին, օլիմպիական չեմպիոնին շնորհակալություն հայտնեց օլիմպիական ոսկե մեդալը Հայաստանին նվիրելու համար եւ խոստովանեց, որ հպարտության զգացում է ունենում, երբ ամեն անգամ տեսնում է Արթուրին հեռուստացույցով: Ապա չափեց իր եւ օլիմպիական չեմպիոնի բազուկները եւ ափսոսանք հայտնեց, որ իրենն էլ այդչափ չեն եւ որ ինքն էլ կցանկանար նրա պես բազուկներ ունենալ ու ուժեղ լիներ: Արթուր Ալեքսանյանն էլ նկատեց, որ իրականում Արկադիի բազուկներն իր բազուկներից պակաս չեն:

«Շատ հաճելի է այսօր լինել մեր զինվորների կողքին: Ես տեղեկացել էի, որ նրանք ցանկանում են ինձ տեսնել: Ես պարտավոր եմ նրանց կողքին լինել, քանի որ նրանց շնորհիվ է, որ այսօր կանգնած ենք մեր հողի վրա: Նրանք մեր հերոսներն են եւ պետք է հպարտանանք նրանցով: Ես նրանցից հետաքրքրվեցի, թե ով, որտեղ եւ ինչպես է վիրավորվել, ինձ շատ հետաքրքիր էր: Իսկ նրանց հարցերը հիմնականում ըմբշամարտի ու սպորտի վերաբերյալ էին»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Նազիկ Ավդալյանի հետ հանդիպումը եւս շատ սպասված էր զինվորների կողմից, բայց զինվորներին ավելի մեծ ուրախություն պարգեւեց մարզուհու 3-ամյա որդին՝ Վաչեն, ով մոր հետ եկել էր ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին տեսնելու:

Աշխարհի չեմպիոնը զինվորներին պատմեց իր ավտովթարի, ողնաշարի վիրահատության, վերականգնողական փուլի եւ դրանից հետո կրկին մրցահարթակ դուրս գալու մասին: Զինվորները մեծ հետաքրքրությամբ լսում էի Նազիկին,  հարցնում՝ արդյո՞ք ցավոտ չէր հետվիրահատական շրջանը: Զինվորներին նաեւ հետաքրքրում էր, թե սիրելի մարզուհուն նորից կտեսնե՞ն մրցահարթակում, ինչին Նազիկ Ավդալյանը պատասխանեց՝ դեռ ոչ:

Նազիկ Ավդալյանը զինվորների հետ զրուցելիս հուզվում էր: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա խոստովանեց, որ զինվորների հետ յուրաքանչյուր հանդիպումից շատ տպավորվում է եւ հուզվում, հատկապես՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների հետ զրույցների ընթացքում:

Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը կրկնակի Եվրոպայի չեմպիոն դարձավ հենց ապրիլյան պատերազմի օրերին եւ Եվրոպայի ոսկե մեդալը ստանալուն պես ուղիղ հեռարձակմամբ այն նվիրեց այդ օրերին սահմանը պաշտպանող զինվորներին եւ զոհված զինվորների հիշատակին: Ապրիլյան պատերազմին որպես կամավոր մասնակցել է Նազիկի ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը:

«Ես ուզում եմ, որ բոլորն առողջանան, շուտ վերադառնան իրենց ընտանիքներին: Միշտ ասում եմ ու նորից կասեմ՝ մենք ապրում ենք այս տղաների, մեր զինվորների շնորհիվ: Այս պահին մեծ բավականություն եմ ստանում նրանց կողքին նստած, նրանց հետ շփվելիս: Ուզում եմ որքան հնարավոր է շուտ նրանց լիարժեք ապաքինված տեսնել: Ուզում եմ, որ այլեւս պատերազմ չլինի, այլեւս ոչ մի զինվորի մայր արցունք չթափի, մեր երկրին լինի խաղաղություն: Ես միշտ աղոթում եմ մեր զինվորների համար»,- զրույցում նշեց Նազիկ Ավդալյանը:

Նազիկ Ավդալյանն ու Արթուր Ալեքսանյանը զինվորներին նվիրեցին սպորտային ուսապարկեր, մարզահագուստ ու մարզական պարագաներ: Զինվորներն էլ իրենց հերթին տորթ եւ սուրճ հյուրասիրեցին չեմպիոններին: Տորթը տեսնելուն պես, Նազիկ Ավդալյանի որդին ծննդյան երգ նվիրեց զինվորներին եւ զարմացավ, որ զարմանում են իր երգելու վրա, ապա արդարացավ, որ տորթ տեսնելիս պետք է երգել՝ «Տարեդարձ է այսօր»:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում