18:50  ,  28 մայիսի, 2017

«Ալաշկերտը»՝ Հայաստանի չեմպիոն, «Գանձասար-Կապանը»՝ փոխչեմպիոն

«Ալաշկերտը» պաշտպանեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Բարձրագույն խմբի նախավերջին՝ 29-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին» եւ ժամանակից շուտ ապահովեց առաջին տեղը:

Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, որը 13 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը՝ մեկ գնդակ առաջ անցնելով Գեղամ Հարությունյանից («Գանձասար-Կապան»):

Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ 61 միավոր հավաքած «Ալաշկերտը» 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանից», որը «Շիրակի» պարտության արդյունքում ապահովեց երկրորդ տեղը: Կապանցիներն առաջին անգամ են դառնում Հայաստանի փոխչեմպիոն: «Շիրակն» էլ 52 միավորով գրավեց երրորդ տեղը:

«Ալաշկերտը» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն եւ կրկնեց նախորդ տարվա հաջողությունը:

Այսպիսով, Բարձրագույն խմբի վերջին տուրից առաջ հայտնի դարձավ բոլոր թիմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում: «Փյունիկը» 42 միավորով չորրորդն է, 21 միավոր հավաքած «Բանանցը»՝ 5-րդը, իսկ «Արարատը» 12 միավորով վերջին տեղում է: 

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

Մայիսի 28

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 3:1

Արտակ Եդիգարյան, 40, Միհրան Մանասյան, 54, Ուրոշ Նենադովիչ, 63 - Արամ Մուրադյան, 67

Մայիսի 27

«Փյունիկ» - «Արարատ»՝ 2:1

Հովհաննես Հարությունյան, 73, 88 – Գեղամ Թումբարյան, 34

«Գանձասար-Կապան» - «Բանանց»՝ 2:1

Գեղամ Հարությունյան, 21 (11մ), Վալմերսոն, 62 – Էմիլ Եղիազարյան, 36

Չիրացված 11 մետրանոց՝ Գեղամ Հարությունյան, 70 («Գանձասար-Կապան»)

Հեռացում՝ Աշոտ Կարապետյան, 90+2 («Գանձասար-Կապան»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով