01:24  ,  28 մայիսի, 2017

«Բարսելոնան» Լուիս Էնրիկեի վերջին խաղում նվաճեց Իսպանիայի գավաթը

«Բարսելոնան» ռեկորդային 28-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Իսպանիայի գավաթը եւ երկրորդ տարին անընդմեջ պաշտպանեց տիտղոսը: Եզրափակիչում կատալոնական ակումբը 3:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»:

Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայացած խաղի հենց սկզբից «Բարսելոնան» ուներ տարածքային մեծ առավելություն, իսկ 30-րդ րոպեին բացեց հաշիվը Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ: 3 րոպե անց «Ալավեսից» տուգանային հարվածով պատասխան գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Թեո Հերնանդեսը, որը հաջորդ մրցաշրջանում խաղալու է Մադրիդի «Ռեալում»: Սակայն կատալոնացիները մինչեւ ընդմիջում ոչ միայն դարձյալ առաջ անցան հաշվի մեջ, այլեւ ստացան 2 գոլի առավելություն: 45-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, իսկ 2 րոպե անց իսպանացի Պակո Ալկասերը հաշիվը դարձրեց 3:1:

Ընդմիջումից հետո դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: «Բարսելոնան» կրկնեց սեփական ռեկորդը՝ երրորդ տարին անընդմեջ դառնալով Իսպանիայի գավաթակիր:

Հիշեցնենք, որ սա Լուիս Էնրիկեի վերջին հանդիպումն էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Թիմի նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա մայիսի 29-ին, երբ տեղի կունենա ակումբի տնօրենների խորհրդի նիստը: Իսպանական մամուլի համաձայն՝ «Բարսելոնան» գլխավորելու է իսպանացի մասնագետ Էռնեստո Վալվերդեն, որն օրեր առաջ հայտարարել էր Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալու մասին:

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 3:1

Լիոնել Մեսի, 30, Նեյմար, 45, Պակո Ալկասեր, 45+3 – Թեո Հերնանդես, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս