22:26  ,  27 մայիսի, 2017

«Արսենալը» հաղթեց «Չելսիին» եւ դարձավ Անգլիայի գավաթակիր

Լոնդոնի «Արսենալը» ռեկորդային 13-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթակիր: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչում Արսեն Վենգերի թիմը անչափ դիտարժան խաղում 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի նորընծա չեմպիոն «Չելսիին»:

Հանդիպման հաշիվը չորրորդ րոպեին բացեց «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Առաջին խաղակեսի սկզբնամասն ավելի լավ անցկացրեց «Արսենալը», իսկ վերջնամասը՝ «Չելսին»:

Երկրորդ խաղակեսում հավասար պայքար էր: 68-րդ րոպեին «Չելսին» մնաց 10 խաղացողներով, սակայն 8 րոպե անց հավասարեցրեց հաշիվը Դիեգո Կոստայի գոլի շնորհիվ: «Արսենալի» հաղթական գոլը 79-րդ րոպեին խփեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին: Վերջնամասում 2 թիմերն էլ ունեցան իրական գոլային պահեր, բայց հաշիվն անփոփոխ մնաց:

«Արսենալը» ռեկորդ սահմանեց Անգլիայի Գավաթում նվաճած տիտղոսների ցուցանիշով: Մինչեւ այս լոնդոնցիներն այս ռեկորդը կիսում էին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը 12 անգամ է դարձել Անգլիայի գավաթակիր:

Հիշեցնենք, որ այս տարի Անգլիայի գավաթակրի կոչումը չէր կարողացել պաշտպանել «Մանչեսթեր Յունայթեդը», որին քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել «Չելսին»: 

«Արսենալն» Անգլիայի այս առաջնությունն ավարտել էր 5-րդ տեղում եւ 20 տարվա դադարից հետո դարձյալ մնացել առանց Չեմպիոնների լիգայի ուղեգրի: Լոնդոնյան ակումբը նախորդ անգամ Անգլիայի գավաթակիր դարձել էր 2015-ին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ռեկորդային 7-րդ անգամ հաղթեց այս մրցաշարում:

Անգլիայի Գավաթ, եզրափակիչ

«Արսենալ» - «Չելսի»՝ 2:1

Ալեքսիս Սանչես, 4, Աարոն Ռեմզի, 79 – Դիեգո Կոստա, 76

Հեռացում՝ Վիկտոր Մոզես, 68 («Չելսի»)

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Պեր Մերտեսակեր, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Աարոն Ռեմզի, Գրանիտ Ջակա, Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն (Ֆրանսիս Կոկլեն, 83), Մեսութ Օզիլ, Ալեքսիս Սանչես (Մոհամեդ Էլնենի, 90+4), Դենի Ուելբեկ (Օլիվյե Ժիրու, 78):

 «Չելսի». Տիբո Կուրտուա, Սեզար Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Գերի Կեհիլ, Վիկտոր Մոզես, Մարկոս Ալոնսո, Ն՛Գոլո Կանտե, Նեմանյա Մատիչ (Սեսկ Ֆաբրեգաս, 62), Էդեն Ազար, Պեդրո (Վիլիան, 72), Դիեգո Կոստա (Միչու Բատշուայի, 88):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում