18:37  ,  26 մայիսի, 2017

«ԲՄԱ-Խաբարովսկի» մարզիչ. Ռուսլան Կորյանի բացակայությունը զգացվում էր

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլի առաջին խաղում «Օրենբուրգի» հետ 0:0 հաշվով խաղալուց հետո «ԲՄԱ-Խաբարովսկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Պոդուբսկին նշել է, որ թիմի լավագույն ռմբարկու Ռուսլան Կորյանի բացակայությունը զգացվում էր: Հայաստանի հավաքականի հարձակվողը հանդիպումը բաց է թողել որակազրկման պատճառով:

«Կողմերը չէին ցանկանում գոլ բաց թողնել, շատ զգոն էին եւ զգուշավոր: Շատ էր պայքարը, բայց գոլային պահերը քիչ էին: Արդյունքն օրինաչափ է: Ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում: Դաշտի տերերը կխաղան ավելի ագրեսիվ: Մեր խնդիրն է գրագետ խաղալ պաշտպանությունում եւ օգտագործել մեր շանսը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 28-ին Օրենբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս