09:04  ,  25 մայիսի, 2017

Մոուրինյո. Շատ գոհ եմ այս ծանրագույն մրցաշրջանից՝ 3 տիտղոս եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Այս ծանրագույն մրցաշրջանում մենք նվաճեցինք երեք տիտղոս եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր, շատ գոհ եմ, ասել է Եվրոպայի լիգայի նորընծա գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ստոկհոլմում Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո:

«Շատ ծանր մրցաշրջանը մոտեցավ ավարտին, բայց այն ստացվեց: Թեեւ երբեմն մտածում էի, որ ունեմ աշխարհի վատագույն թիմը, իսկ ես վատագույն մարզիչն եմ: Մենք նախընտրեցինք Չեմպիոնների լիգա դուրս գալ այս ճանապարհով: Չձգտեցինք Պրեմյեր լիգայի չորրորդ կամ ավելի բարձր տեղերի: Մենք ունեինք նպատակ վերադառնալ Չեմպիոնների լիգա՝ նվաճելով այս տիտղոսը, որը կարեւոր է: Այժմ ակումբն ունի համաշխարհային ֆուտբոլի բոլոր տիտղոսները: Մենք պայքարում էինք այս հաղթանակի համար հենց սկզբից: Մենք միշտ մտածում էինք, որ կարող ենք հաղթել Եվրոպայի լիգայում: Այժմ մենք գոհ ենք մեզնից: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ավելի ուժեղ էր «Այաքսից»: Ֆուտբոլում շատ են պոետները, բայց նրանք հազվադեպ են նվաճում տիտղոսներ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» գոլերը խփել են ֆրանսիացի Պոլ Պոգբան եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է նաեւ Անգլիական լիգայի գավաթն ու Անգլիայի սուպերգավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում