16:40  ,  24 մայիսի, 2017

The New York Times-ը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի կապակցությամբ, The New York Times-ն անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթերում ազատ ժամանակը Մխիթարյանն օգտագործում է ոչ միայն ընկերների հետ հանգստանալու ու զվարճանալու համար, այլ նաեւ Հայաստանի առաջնության հանդիպումներ դիտելով: Նրա մի մասնիկը միշտ տանն է՝ Հայաստանում, որտեղ սկսել է ֆուտբոլային կարիերան:

Նա բարդ ուղի է անցել «Փյունիկից» մինչեւ «Մանչեսթեր Յունայթեդ», բայց դա նրան հաջողվել է: Այսօր նա համարվում է հայկական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը, իսկ «Այաքսի» նկատմամբ հաղթանակի դեպքում, կդառնա նշանակությամբ երկրորդ եվրագավաթային մրցաշարում հաղթանակ տարած Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը:

Մխիթարյանը վստահ է, որ հաղթանակը «Այաքսի» նկատմամբ հնարավորություն կտա աշխարհին լրացուցիչ հիշեցնել, թե ինչ է Հայաստանը եւ որտեղ է այն գտնվում:

«Հայերը ստեղծում են փոքր Հայաստան, որտեղ էլ գտնվեն»,- կարծում է Մխիթարյանը, որն անգլիական քաղաքում ճաշում է հայկական պանդոկում, այցելում է հայկական եկեղեցի:

Մխիթարյանը հայ ֆուտբոլիստների համար բացառիկ օրինակ է. նա երբեք չի մոռանում, թե որտեղից է սկսել ուղին, գրում է պարբերականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում