22:33  ,  23 մայիսի, 2017

Առաջատար գեղասահորդները մրցակցությունից դուրս էին. Հայաստանի բաց առաջնությունն ամփոփում է ֆեդերացիայի նախագահը (ֆոտոշարք)

Հայաստանի բաց առաջնության մասնակիցների քանակն ուրախացնող է, բայց մեր առաջատար գեղասահորդները մրցակցությունից դուրս են, նրանց հավասարը չկա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Չնայած մի քանի օրից արդեն ամառ է եւ միջազգային մրցահարթակում գեղասահքի միջազգային մրցումներն ավարտվել են, բայց հայ գեղասահորդները դեռ սառույցի վրա են:

Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մայիսի 22-23-ը կայացավ գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը եւ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը: Հենց նրանք դարձան Հայաստանի բաց առաջնության հաղթողներ թե՛ կարճ, թե՛ ազատ ծրագրերում: 

Տղամարդկանց մրցաշարում երկրորդ տեղը գրավեց հավաքականի նորեկ Կոնստանտին Մելնիկովը, իսկ Ալեքս Իսրայելյանն արժանացավ բրոնզե մեդալի: Կանանց պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Էլեն Հակոբյանը, իսկ Զարուհի Թաշչյանը զբաղեցրերց երրորդ տեղը: Պարային զույգերի պայքարին մասնակցեցին միայն Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը:

«100-ից ավելի մասնակից ունենք Հայաստանի բաց առաջնությունում: Գնահատականս այն է, որ աստիճանաաբար առաջ ենք գնում: Այն, ինչ հիմա ունենք, լավ է: Նոր ու տաղանդավոր երեխաներ են ի հայտ գալիս: Կարծում եմ՝ լավ սերունդ կունենանք, մեր առաջատարները ապագայում կունենան լավ փոխարինողներ:

Հավաքականների բոլոր անդամներն էլ մասնակցեցին այս առաջնությանը, բայց նրանք պայքարից դուրս են, նրանց համար մրցակցություն չկա: Նրանցից ուժեղ այստեղ չկա: Սակայն նրանք պետք է մասնակցեն Հայաստանի առաջնությանը, որպեսզի այս արդյունքները ներկայացնենք միջազգային ֆեդերացիային»,- ասաց Մելանյա Ստեփանյանը:

Հայաստանի բաց առաջնության գլխավոր մրցավարը Չմշկավազորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկն էր:

«Ես Երեւանում չէի եղել 30 տարի: Շատ ուրախ եմ, որ այսօր մասնակից դարձա Հայաստանի բաց առաջնությանը: Ուրախ եմ նաեւ, որ այստեղ տեսա հրաշալի սառույց, մարզաբազա, շատ երեխաներ, ովքեր զբաղվում են գեղասահքով եւ սիրում են այս մարզաձեւը: Չմշկավազորդների միջազգային միությունը հույս ունի, որ Հայաստանը ներկայացնող գեղասահորդները միջազգային մրցասպարեզում կպայքարեն մրցանակային բարձր տեղերի համար: Մեծ զարգացում եմ մաղթում հայկական գեղասահքին»,- իր ելույթում ասաց Ալեքսանդր Լակերնիկը, որն առաջնության վերջին մրցումային օրն էր ժամանել Հայաստան:

Պարգեւատրման արարողությանը Հայաստանի սպորտի նախարարությունից ներկա էր փոխնախարար Գաբրիել Ղազարյանը: Նա հանձնեց Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգի ոսկե մեդալները:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ ճեպազրույցում Գաբրիել Ղազարյանը նշեց հետեւյալը. «Տարեցտարի Հայաստանի բաց առաջնությունների մասնակիցների թիվը մեծանում է. դա նշանակում է, որ արդեն շատ են գեղասահքով մարզվողները: Աշխատանքի դեպքում միայն հնարավոր է հասնել բարձր արդյունքների: Հայաստանի գեղասահքի առաջատարները ունեն բոլոր հնարավորությունները լավ արդյունքներ գրանցելու»:

Առաջնության մրցումային ծրագրի ավարտից հետո մասնակից երեխաներից մեկը ծնողի հետ միասին չէր համաձայնվում իր միավորների եւ գրաված տեղի հետ: Անհամաձայնությունը փոքր միջադեպ ստեղծեց մրցավարների եւ ծնողների միջեւ, սակայն դա շուտափույթ հարթվեց, իսկ փոքրիկ գեղասահորդուհին իր տեղը զբաղեցրեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ կիսելով առաջին տեղը մեկ այլ գեղասահորդուհու հետ: Ծնողների հետ անհամաձայնության միջադեպեր, ըստ ֆեդերացիայի նախագահի, շատ են լինում:

«Երեխաների միջեւ պայքար կա, անգամ անհամաձայնություններ եղան մրցանակային տեղերի բաշխման ընթացքում, բոլորն ուզում են առաջին տեղում լինել, անգամ կռիվներ են լինում, եւ դա շատ լավ է: Սա սպորտ է եւ ամբողջ աշխարհում էլ նման դեպքեր լինում են, կռիվներն էլ են պետք սպորտին: Բայց ինձ ուրախացնում է, քանի որ երեխաների մեջ մանուկ հասակից առողջ պայքար կա»,- մեկնաբանեց Մելանյա Ստեփանյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում