13:34  ,  19 մայիսի, 2017

Մարտին Կեոն. Մոուրինյոն սխալ է օգտագործում Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Մարտին Կեոնը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սխալ է օգտագործում Հենրիխ Մխիթարյանին: Daily Mail-ում փորձագետ աշխատող Կեոնը կարծում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պետք է հանդես գա այն դիրքում, որում խաղում են «Չելսիի» հարձակողական կիսապաշտպաններ Էդեն Ազարն ու Պեդրոն:

«Մանչեսթեր Յունայթեդը» չի խաղում հարձակողական ֆուտբոլ, եւ ոչ ոքի չի վախեցնում: Չի կարող լինել, որ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում ամենաշատ գոլային փոխանցում կատարած Հենրիխ Մխիթարյանը հարձակման գծից վազի պաշտպանություն, ինչպես դա եղավ «Արսենալի» հետ խաղում: Մոուրինյոն սխալ է օգտագործում Մխիթարյանին: Եթե Մխիթարյանը խաղար «Չելսիում», ապա նա կգործեր Ազարի կամ Պեդրոյի դիրքում: Մոուրինյոն չգիտի, թե ինչպիսին պետք է լինի իր ուժեղագույն կազմը»,- Կեոնի խոսքը մեջբերում է express.co.uk-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի նախորդ առաջնությունում Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած 31 խաղերում դարձել էր 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ եւ ֆուտբոլիստների վարկածով ճանաչվել մրցաշրջանի լավագույն խաղացող: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 25 հանդիպման, դարձել 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում