13:33  ,  17 մայիսի, 2017

Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ըմբշամարտի ֆեդերացիայի գործերով կզբաղվի ՀԱՕԿ-ը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 17-ին հանդիպել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի անդամների հետ եւ քննարկել ֆեդերացիայի հետագա գործունեության ծրագրերը:

Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հրաժարականից հետո ֆեդերացիայի աշխատանքները համակարգելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունը հնարավորություն կտա պահպանելու ֆեդերացիայի բնականոն աշխատանքը՝ ապահովելով մարզիկների հավաքների անցկացումը, նրանց մասնակցությունը միջազգային մրցաշարերին, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

«Մենք իրավունք չունենք ուշադրությունից դուրս թողնել այս մարզաձեւը, եւ այն մշտապես գտնվելու է սպորտի ոլորտի ղեկավարության տեսադաշտում: Վստահ եմ՝ հայ ըմբիշները մեզ դեռ կուրախացնեն ամենահեղինակավոր մրցագորգերում տարած հաղթանակներով եւ ամենաբարձր հարգի մեդալներով»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը, փոխանցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:

Նշենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ու ՀԱՕԿ-ը մինչեւ օրս չէին հայտնել Սամվել Կարապետյանի հրաժարականի մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս