13:09  ,  12 մայիսի, 2017

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, որը նվաճում է եվրագավաթների եզրափակիչի ուղեգիր

Հենրիխ Մխիթարյանը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նվաճելով Եվրոպայի լիգայի եզրափակիչի ուղեգիր, դարձել է Հայաստանի հավաքականի առաջին ֆուտբոլիստը, որը հնարավորություն է ստանում հանդես գալ եվրագավաթների մրցաշարի եզրափակիչում:

Կիսաեզրափակիչում անգլիական ակումբը 2 խաղերի արդյունքում հաղթեց Վիգոյի «Սելտային» (1:0, 1:1): Մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» սատդիոնում կայանալիք եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը»:

Նախկինում եվրագավաթների եզրափակիչում հանդես եկել են հայկական արմատներ ունեցող 2 ֆուտբոլիստներ՝ Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը: Ջորկաեֆը 1996-ին Գավաթակիրների Գավաթի եզրափակիչ է հասել եւ հաղթել ՊՍԺ-ի հետ, իսկ «Ինտերի» կազմում 1998-ին նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը: Ալեն Բոգոսյանն իտալական «Պարմայի» հետ ՈւԵՖԱ-ի գավաթակիր է դարձել 1999-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով