20:20  ,  10 մայիսի, 2017

Բասկետբոլի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում Հայաստանը կներկայացնի 6 հավաքական

Այս տարի ամռանը բասկետբոլի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում Հայաստանը կներկայացնի վեց հավաքական (4 տղամարդկանց եւ 2 կանանց): Այդ մասին armnoc.am-ին պատմել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, որը Հոնկոնգում մասնակցել է ՖԻԲԱ-ի համաշխարհային կոնգրեսին: 

«Տարիքային վեց թիմ ունենալը շատ լուրջ արդյունք է, ըստ այդմ մենք համարվում ենք դինամիկ զարգացող երկիր: Օրինակ, 2011 թվականին Հայաստանն ընդամենը մեկ տարիքային հավաքական է ունեցել Եվրոպայի առաջնություններում: Այսքանով ոչ մի դեպքում չի կարելի սահմանափակվել: Փորձելու ենք առաջ գնալ:

Պետք է  ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնել, որ կարողանանք կայուն առաջընթաց ապահովել: Նախըտնրական առաջին փուլում խաղերը կանցկացնենք «Միկա» մարզահամալիրում, բայց հիմնական փուլ անցնելու դեպքում այնտեղ չենք կարող խաղալ, քանի որ ՖԻԲԱ-ն պահանջում է 3000-ից ավել տեղ ունեցող մարզադահլիճ: Նման հնարավորություն ունի միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք համալիրում: Սա եւս լուրջ հարց է: Կարծում եմ` կկարողանանք արդյունքի հասնել: Այլ տարբերակ չունենք»,- նշել է Արթուր Նազարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում