13:57  ,  10 մայիսի, 2017

Արմեն Մկրտչյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին մայիսի 2-7-ը Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնությունը

Արմեն Մկրտչյան. «Առաջնության արդյունքները գոհացնող են: 3 մասից բաղկացած լավ նախապատրաստական փուլ էինք անցել: Այս առաջնության նախապատրաստական փուլում աշխատել էինք ոչ միայն մարզավիճակի, այլեւ հոգեբանական վիճակի վրա: Քննարկում էինք ամեն ինչ: Փորձել եմ շատ կարճ ժամանակահատվածում տղաներին տալ առավելագույնը:

Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ինձ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակելու համար: Այս առաջնությունում ինձ շատ օգնեց թիմի մարզչական կազմը՝ մարզիչները, բժիշկը, ովքեր փետրվար ամսից ինձ օգնում են թիմը գլխավորելու հարցում: Նրանց եւս շնորհակալ եմ:

Առջեւում աշխարհի առաջնությունն է: Պետք է 2 անգամ ավելի աշխատանքն ավելացնենք եւ ավելի բարձր արդյունքների հասնենք: Ունենք արդեն մշակված ծրագիր, թե քանի փուլով պետք է պատրաստվենք աշխարհի առաջնությանը, բայց դեռ չենք կարող ոչինչ անել, քանի որ ֆեդերացիայում այս պահին խառը իրավիճակ է եւ պարզ չէ՝ կարող ենք մեր գծած ծրագրով աշխատել, թե՝ ոչ»,- ասաց Արմեն Մկրտչյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ճի՞շտ է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հրաժարականի մասին լուրը եւ արդյո՞ք մշակված ծրագիրը չիրականացնելու խոչընդոտը նախագահի հրաժարականն է, Արմեն Մկրտչյանը խուսափողական պատասխան տվեց.

«Ես տեղյակ չեմ ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվել է, թե՝ ոչ: Նոր պետք է գնամ ֆեդերացիա: Դեռ ոչ մի տեղեկություն չունեմ: Իսկ մեր ծրագրած փուլով առաջնորդվելու խոչընդոտը դրա հետ պայմանավորված չէ»,- մանրամասնեց գլխավոր մարզիչը:

Վոլոդյա Ֆրանգուլյան. «Մրցմանը մասնակցում էի հաղթելու համար: Արմեն Մկրտչյանը բազմիցս նշում էր, որ մենք պետք է հաղթենք ուժեղներին եւ չեմպիոն դառնանք: Բայց ինձ ուրախացնում է նաեւ բրոնզե մեդալը, քանի որ երկար ժամանակ մեծահասակների կազմում չէր հաջողվում մեդալներ նվաճել: Ես բրոնզե մեդալի համար գոտեմարտում հանդիպեցի այն նույն ըմբիշին, որին պարտվել էի Թուրքիայի մրցաշարում: Մարզիչների հետ քննարկեցինք, մշակեցինք հատուկ տակտիկա, եւ ես պատասխան տվեցի մրցագորգի վրա մաքուր հաղթանակով: Առջեւում աշխարհի առաջնությունն է եւ դեռ որոշված չէ, թե որ քաշային կարգում կգոտեմարտեմ: Մինչեւ աշխարհի առաջնությունը մարզիչներով կորոշենք, թե որ քաշային կարգում պետք է շարունակեմ հանդես գալ»,- նշեց Վոլոդյա Ֆրանգուլյանը:

Գրիգոր Գրիգորյան. «Մարզավիճակս շատ լավն էր, կարող էի ոսկու համար պայքարել, բայց չկարողացա հաղթել թուրք ըմբիշին: Նա ինձանից ուժեղ գտնվեց: Երկու շատ դժվար գոտեմարտ ունեցա այս առաջնությունում՝ թուրք եւ վրացի ըմբիշների հետ: Վրացի ըմբիշի հետ գոտեմարտում վստահ էի ուժերիս, բայց լարված գոտեմարտ էր: Թուրք մարզիկի հետ գոտեմարտը եւս շատ բարդ էր ու չկարողացա հաղթահարել: Ինձ բրոնզե մեդալը չի բավարարում, հաջորդ անգամ անպայման այնպես կանեմ, որպեսզի ոսկե մեդալ նվաճեմ»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 3 բրոնզե մեդալ: Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) գրավել էին երրորդ տեղը, իսկ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ) հաջող հանդես չէին եկել:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս