00:36  ,  10 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Թուրինի «Յուվենտուսը» եզրափակիչում է

Թուրինի «Յուվենտուսը» նվաճեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին ուղեգիրը:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց  Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով:

33-րդ րոպեին «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի փոխանցումից հետո խորվաթ Դանիել Սուբաշիչի պաշտպանած դարպասը գրավեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը: 44-րդ րոպեին աչքի ընկավ նաեւ Ալվեսը, որն անկյունայինի խաղարկումից հետո հեռվից կատարած հարվածով անակնկալի բերեց Սուբաշիչին՝ 2:0:

Երկրորդ խաղակեսում հյուրերը 18-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չկարողացան եւ դուրս մնացին պայքարից:

«Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայում գոլ բաց չէր թողել 690 րոպե: Մբապեն դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մոնակոյում տեղի ունեցած առաջին խաղում Իտալիայի չեմպիոնները հաղթել էին 2:0 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», որոնց պատասխան հանդիպումը մայիսի 10-ին է: Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է «Ռեալը»:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Յուվենտուս» - «Մոնակո»՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 2:0)

Մարիո Մանջուկիչ, 33, Դանիել Ալվես, 45 – Կիլիան Մբապե, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում