14:38  ,  7 մայիսի, 2017

Եվրոպայի առաջնություն. Կարապետ Չալյանը եւ Մաքսիմ Մանուկյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում

Հայաստանի ներկայացուցիչներ Մաքսիմ Մանուկյանը եւ Կարապետ Չալյանը պարտություն կրեցին Սերբիայում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:

75 կգ քաշային Կարապետ Չալյանը երրորդ գոտեմարտում 0:4 հաշվով պարտվեց հունգարացի Տամաշ Լորինցին: Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6:2 հաշվով հաղթել էր սերբ Վիկտոր Նեմեսին, իսկ 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով պարտության էր մատնել թուրք Էմրե Կուշին:

85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակիչում 1:2 հաշվով պարտություն կրեց Գերմանիան ներկայացնող Ռամսին Ազիզսիրից: Որակավորման փուլում Մանուկյանը 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Ռոբերտ Կոբիաշվիլուց, իսկ 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էր սերբ Դեյան Ֆրանկյովիչին, որը որակավորման փուլում պայքարից դուրս էր թողել Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Չակվետաձեին (7:4):

Եթե Մանուկյանին ու Չալյանին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, նրանք հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:

Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) որակավորման փուլում 1:6 հաշվով պարտվել էր թուրք Մուրատ Դագին, իսկ Սարգիս Քոչարյանը (80 կգ) մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ 1:2 հաշվով պարտվելով ուկրաինացի Դիմիտրո Պիշկովին: Ալեքսանյանին ու Քոչարյանին հաղթած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ, եւ Հայաստանի ներկայացուցիչները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում, իսկ Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ) հաջող հանդես չէին եկել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում