22:58  ,  5 մայիսի, 2017

ԵԱ. Լեւան Բերիանիձեն նվաճեց բրոնզե մեդալ

Լեւան Բերիանիձեն բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի համար Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Երրորդ տեղի համար գոտեմարտում Բերիանիձեն մրցեց սլովակ Սոսլան Գագլոեւի հետ եւ հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Բերիանիձեն հաղթեց 1:0 հաշվով, երկրորդում՝ 2:1 հաշվով:

125 կգ քաշային կարգում Բերիանիձեն պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Անդրեյ Ռոմանովին: Քառորդ եզրափակիչում նա մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով: Քանի որ ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, Լեւան Բերիանիձեն հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար եւ միակ սփոփիչ գոտեմարտում 5:2 հաշվով հաղթեց Բելգիան ներկայացնող Խուսեյնովիչ Իստապաեւին: 

Մայիսի 5-ին պայքարի մէջ էր մտել նաեւ 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, որը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից եւ 2 րոպե 28 վայրկյանում 0:11 հաշվով պարտվել ռուսաստանցի Իսրաիլ Կասումովին: Ռուս ըմբիշն էլ պարտություն է կրել կիսաեզրափակիչում, եւ Մարգարյանը զրկվել էր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի համար բրոնզե մեդալ էին նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ): Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել էին նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք մեդալ չեն նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում