00:33  ,  4 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսն» ուժեղ էր «Մոնակոյից», Իգուաինը՝ դուբլի հեղինակ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

29-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի կրնկով հետ փոխանցումից հետո արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը գրավեց դաշտի տերերի դարպասը:

Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսի» քիչ գրոհներից մեկը դարձյալ արդյունավետ ավարտեցին Ալվեսն ու Իգուաինը, որը դարձավ դուբլի հեղինակ բրազիլացու փոխանցումից հետո:

Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իտալական թիմի մեկնարկային կազմում դուրս գալով «Մոնակոյի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղին՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում: Նա առաջինն է, ով այս մրցաշարում 100 հանդիպում է անցկացնում «Յուվենտուսի» կազմում:

Բուֆոնը Չեմպիոնների լիգայի ընթացիկ փլեյ-օֆֆի հինգ հանդիպումներում էլ գոլ բաց չի թողել:

«Յուվենտուս» - «Մոնակո» պատասխան հանդիպումն Իտալիայում տեղի կունենա մայիսի 9-ին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգում Մադրիդի «Ռեալն» առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Մոնակո» - «Յուվենտուս»՝ 0:2

Գոնսալո Իգուաին, 29, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում