11:33  ,  3 մայիսի, 2017

Ռեկորդներ սահմանած Ռոնալդուն՝ «Ռեալ» - «Աթլետիկո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կայացած խաղում Արքայական ակումբը 3:0 հաշվով հաղթել էր պորտուգալացի հարձակվողի հեթ-տրիկի շնորհիվ:

32-ամյա Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի 2 խաղերում անընդմեջ: Նա «Ռեալում» գոլերի քանակը հասցրել է 400-ի եւ շարունակում է գլխավորել ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը:

Պորտուգալիայի հավաքականի ավագը 7-րդ հեթ-տրիկն էր ձեւակերպել Չեմպիոնների լիգայում եւ կրկնել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ցուցանիշը: Բացի այդ, Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը 20 գոլ է խփում «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ մադրիդյան դերբիում: Պորտուգալացի հարձակվողը նաեւ 52-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներում, ինչը եւս ռեկորդային ցուցանիշ է:

«Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 10-ին «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում