20:54  ,  26 ապրիլի, 2017

Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդում» Իբրահիմովիչի ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղից (ապրիլի 27) առաջ խոսել է թիմի հարձակման առաջատար Զլատան Իբրահիմովիչի մասին։

«Իբրահիմովիչին սպասվում է լուրջ վիրահատություն եւ ապաքինման տեւական շրջան։ Նա ուժեղ հոգեբանություն ունի։ Մեր ակումբում նրա ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Այժմ դա ինձ հետաքրքիր չէ։ Հիմա ինձ անհանգստացնում է վիրահատությունը։  Միշտ ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները երջանիկ լինեն եւ իրենք ընտրեն իրենց ապագան։ Բայց մինչեւ վիրահատությունը խոսել նրա ապագայի մասին անիմաստ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ ծնկահոդի վնասվածքի հետեւանքով շվեդ հարձակվող չի կարողանա խաղադաշտ դուրս գալ 9-12 ամիս։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում