13:48  ,  26 ապրիլի, 2017

«Ալաշկերտի» ֆուտբոլիստը՝ Սերբիայի առաջնության խաղի ժամանակ ընկերուհուն համբուրելու մասին

«Ալաշկերտի» 23-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է Սերբիայի պատանեկան հավաքականներում եւ տեղի Սուպերլիգայում ունեցած մրցելույթների մասին:

Ուրոշ, սկսել ես զբաղվել ֆուտբոլով Բելգրադի ՕՖԿ-ի ակադեմիայում, որը բավականին մեծ ճանաչում ունի տարածաշրջանում եւ բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ է պատրաստել:

Այո, 7 տարեկանում սկսեցի մարզվել ՕՖԿ-ի համակարգում եւ այնտեղ մոտ 10 տարի անցկացրեցի: Այդ ակումբի ակադեմիան, իրոք, շատ արդյունավետ է գործում:

Հենց ՕՖԿ-ից դու հրավիրվեցիր Սերբիայի պատանեկան հավաքականներ: 2013-ին նույնիսկ կարող էիր Եվրոպայի չեմպիոն դառնալ Մ-19 հավաքականի կազմում:

Հանդես եմ եկել Սերբիայի Մ-17, Մ-18, Մ-19 և երիտասարդական հավաքականներում: Մ-19 հավաքականի կազմում մասնակցեցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին եւ 2 խաղում մեկ գոլ խփեցի: Ցավոք, վերջին պահին դուրս մնացի թիմի հայտացուցակից եւ չմասնակցեցի եզրափակիչ փուլին: Իմ թիմակիցները կարողացան մարզական սխրանք գործել` դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Խաղացել ես Սերբիայի Բարձրագույն խմբի մի շարք թիմերում` «Ռադ», «Նովի Պազար», «Վոյվոդինա», «Ռադնիկ»:

Այո, մոտ 4-5 տարի հանդես եմ եկել Սերբիայի Սուպերլիգայի թիմերում: Որոշ թիմերում հաջող մրցելույթներ ունեցա, իսկ որոշ թիմերում չհաջողվեց ամրապնդվել: Ընդհանուր առմամբ, 53 խաղ եմ անցկացրել Բարձրագույն խմբում: «Պարտիզանի» եւ «Ցրվենա Զվեզդայի» կարգի թիմերի դեմ խաղալը շատ մեծ փորձ էր ինձ համար: Այդ թիմերում ամեն ինչը շատ բարձր մակարդակի վրա է՝ պայմանները, ֆուտբոլիստները, երկրպագուները:

Սերբիայի առաջնության խաղերից մեկից հետո դու մոտեցար տրիբունային եւ համբուրեցիր ընկերուհուդ: Կկրկնե՞ս նույնը Հայաստանում:

Միգուցե (ծիծաղում է): Բայց այն ժամանակ ես շատ երիտասարդ էի, մենք էլ նոր էինք սկսել հանդիպել: Հիմա արդեն ամուսնացած ենք, երեխա ունենք, ավելի լուրջ եմ դարձել (ժպտում է):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում