12:10  ,  24 ապրիլի, 2017

«Ռեալ» - «Բարսելոնա». Մարզիչների կարծիքները

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները պատմել են տպավորությունների մասին:

Զինեդին Զիդան («Ռեալ»). «Հիասթափված ենք, քանի որ կատարել էինք հսկայական աշխատանք: Մենք ունեցանք գոլ խփելու շատ հնարավորություններ: Երբ չես օգտագործում քո պահերը, նման բան լինում է: Թիմը հուսահատված է այս արդյունքից: 2:2 հաշվի ժամանակ խաղալով մեկ խաղացող պակաս՝ պետք էր գործել ավելի գրագետ եւ պաշտպանվել թիմային:

Մեսին «Բարսելոնայի» կարեւորագույն խաղացողն է, եւ նա դարձյալ խփեց 2 գոլ: Սակայն կատալոնացիների կազմում կան նաեւ այլ վտանգավոր խաղացողներ, որոնց դեմ եւս պետք է խաղալ ուշադիր: Կարելի է շնորհավորել Մեսիին»:

Լուիս Էնրիկե («Բարսելոնա»). «Այս խաղը ցույց տվեց, որ մենք լավ մարզավիճակում ենք: Պետք էր պայքարել: 2 թիմերն էլ ունեցան բազմաթիվ գոլային պահեր, իսկ խաղի տեմպը բավական բարձր էր: Ոչ ոք հարցականի տակ չի դնում «Ռեալի» պոտենցիալը: Դա աշխարհի լավագույն թիմերից մեկն է, որը շարունակում է նվաճել տիտղոսներ: Մենք հաղթեցինք, քանի որ ցանկանում էինք շնորհակալություն հայտնել միշտ մեզ աջակցող երկրպագուներին:

Ինչ վերաբերում է Մեսիին, նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Ես շատ բան եմ տեսել ֆուտբոլում, նրա գոլերը վկայում են այդ մասին: «Բարսելոնան» մեծագույն ակումբ է, իսկ Մեսին նրա պատմության մի մասն է»,- փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում կատալոնական ակումբը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով: Ավելացված ժամանակում Լիոնել Մեսին 500-րդ գոլն էր խփել «Բարսելոնայի» կազմում՝ հաղթանակ պարգեւելով հյուրերին եւ դառնալով նաեւ դուբլի հեղինակ: «Բարսելոնան» վաստակել էր 75 միավոր եւ հավասարվել «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Կատալոնացիներն Արքայական ակումբին գերազանցում են թե՛ իրար միջեւ խաղերի, թե՛ խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի էին խաղացել Բարսելոնայում (1:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում