01:14  ,  24 ապրիլի, 2017

«Բարսելոնայում» 500-րդ գոլը խփած Մեսին գերազանցեց Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում, դարձավ Սուպերկլասիկոների պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Պրիմերայում:

Արգենտինայի հավաքականի ավագը «Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ Իսպանիայի առաջնության խաղերում իր գոլերի քանակը հասցրեց 16-ի՝ այդ ցուցանիշով գերազանցելով իսպանացի լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը: 1953-1964-ը «Ռեալում» հանդես եկած Դի Ստեֆանոն Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» դարպասը գրավել է 14 անգամ, գրում է Marca-ն:

Բացի այդ, Մեսին պատմության 8-րդ ֆուտբոլիստն է, որը 500 գոլ է խփում մեկ ակումբի կազմում:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղի ավելացված ժամանակում Մեսին 500-րդ գոլն էր խփել «Բարսելոնայի» կազմում: Կատալոնական ակումբը կամային հաղթանակ էր տարել 3:2 հաշվով եւ, վաստակելով 75 միավոր, հավասարվել «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Կատալոնացիներն Արքայական ակումբին գերազանցում են թե՛ իրար միջեւ խաղերի, թե՛ խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի էին խաղացել Բարսելոնայում (1:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս