00:39  ,  24 ապրիլի, 2017

«Բարսելոնան» հաղթանակ կորզեց Սուպերկլասիկոյում եւ հավասարվեց «Ռեալին» (ֆոտոշարք)

«Բարսելոնայում» Լիոնել Մեսիի 500-րդ գոլը կատալոնական ակումբին ավելացված ժամանակում հաղթանակ պարգեւեց Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղում: Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կայացավ Սուպերկլասիկոն «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջեւ: Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում կատալոնացիները կամային հաղթանակ տարան 3:2 հաշվով: Արքայական ակումբը կարմիր քարտ ստանալուց հետո վերջնամասում կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն ավելացված ժամանակում Լիոնել Մեսին խփեց հյուրերի հաղթական գոլը՝ դառնալով նաեւ դուբլի հեղինակ: Ընդ որում՝ դա բոլոր մրցաշարերում արգենտինացի հարձակվողի 500-րդ գոլն էր «Բարսելոնայի» կազմում: 

«Ռեալն» ավելի ակտիվ սկսեց խաղը, բայց «Բարսելոնան» աստիճանաբար վերցրեց գնդակը եւ ուներ տարածքային առավելություն: Սկզբնամասում կատալոնացիները մի քանի անգամ անհանգստացրին «Ռեալի» պաշտպանությանը, թեեւ դաշտի տերերը եւս պատասխանում էին վտանգավոր գրոհներով: Մադրիդցիների գրոհները բավական շատ էին, իսկ 28-րդ րոպեին գնդակը նաեւ հայտնվեց «Բարսելոնայի» դարպասում: Ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն: Հյուրերի պատասխանը չուշացավ: Ընդամենը 4 րոպե անց Լիոնել Մեսին փայլեց մրցակցի տուգանային հրապարակում եւ հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 38-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինեց «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որի փոխարեն դաշտ դուրս եկավ իսպանացի Մարկո Ասենսիոն: Առաջին խաղակեսի վերջնամասում «Բարսելոնան» ավելի ակտիվ էր եւ ունեցավ մի քանի գոլային պահեր, սակայն թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսի սկզբամասում կողմերը կորցրին մեկական գոլային պահ: Քարիմ Բենզեմայի հարվածից հետո «Բարսելոնային» գոլից փրկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, իսկ Պակո Ալկասերի հարվածից հետո հաջող գործեց «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը: 67-րդ րոպեին կատալոնացիներին «ներեց» Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ վայրկյաններ անց նրա օրինակին հետեւեց նաեւ Լուիս Սուարեսը, որի հարվածից հետո Կեյլոր Նավասը դարձյալ փրկեց «Ռեալին»: Խաղն անցնում էր հավասար պայքարում՝ փոխնիփոխ գրոհներով: 73-րդ րոպեին արդեն Կեյլոր Նավասն էլ անկարող էր փրկել Արքայական ակումբին, քանի որ խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հարվածը ստացվեց անթերի՝ 1:2: 78-րդ րոպեին մադրիդցիները մնացին 10 խաղացողներով: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարմիր քարտ ստացավ Լիոնել Մեսիի նկատմամբ կոպիտ սահանկման համար: Թվում էր, թե «Բարսելոնան» մոտ է հաջողությանը, սակայն փոխարինման դուրս եկած Խամես Ռոդրիգեսն այլ կարծիքի էր: Կոլումբացի կիսապաշտպանը 85-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: «Ռեալը» շարունակում էր գորհել նաեւ գոլից հետո, բայց վերջնամասում գոլ բաց թողեց եւ պարտվեց: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով հյուրերին:  

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 75 միավոր եւ հավասարվեց «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Կատալոնացիներն Արքայական ակումբին գերազանցում են թե՛ իրար միջեւ խաղերի, թե՛ խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի էին խաղացել Բարսելոնայում (1:1):

Զինեդին Զիդանի գլխավորած թիմը տանը չէր պարտվել նախորդ 22 խաղերում անընդմեջ: 

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 2:3

Կազեմիրո, 28, Խամես Ռոդրիգես, 86 – Լիոնել Մեսի, 33, 90+2, Իվան Ռակիտիչ, 73

Հեռացում՝ Սերխիո Ռամոս, 78 («Ռեալ»)

Հայտնի են Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կազեմիրո (Մատեո Կովաչիչ, 70), Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս, Գարեթ Բեյլ (Մարկո Ասենսիո, 39), Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Խամես Ռոդրիգես, 83)։

«Բարսելոնա». Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Ժերար Պիկե, Սամուել Ումտիտի, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսի, Պակո Ալկասեր (Անդրե Գոմես, 70), Լուիս Սուարես:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով