20:22  ,  23 ապրիլի, 2017

Հակոբ Սերոբյանը՝ Ռումինիայից. Հարություն Մերդինյանից անչափ գոհ եմ, բայց մեդալ սպասում էի օղակների վարժությունից

Ինչպես եւ կանխատեսել էի՝ Եվրոպայի առաջնությունից վերադառնում ենք մեկ մեդալով: Այսօր էլ Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ցույց տվեց 5-րդ արդյունքը, որն ինձ եւս գոհացնում է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն ամփոփեց հայ մարզիկների ելույթները:

Ռումինիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար մեդալ նվաճեց միայն Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, որը երրորդ տեղը գրավեց նժույգի վարժությունում: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը գրավել էր չորրորդ, իսկ Արթուր Թովմասյանը՝ 7-րդ տեղը: Արթուր Դավթյանը բազմամարտում 6-րդն էր, իսկ հենացատկում՝ 5-րդը:

Պարոն Սերոբյան, Եվրոպայի առաջնության արդյունքները գոհացնո՞ղ են:

Գոհ եմ այս արդյունքներից: Ինչպես նախապես ասել էի, եթե այս նոր օրենքներով կարողանայինք գոնե մեկ մեդալ նվաճել, ինձ այդքանն էլ կգոհացներ: Հարություն Մերդինյանին հաջոցվեց մեդալ նվաճել, սակայն ես, անկեղծ ասած, մեդալ սպասում էի օղակների վարժությունից: Անչափ գոհ եմ Հարությունից, քանի որ նա արեց այն, ինչին այս պահին ընդունակ էր ձեռքի վնասվածքից հետո: Նա այդ ձեռքով իր վարժությունը մինչեւ վերջ կատարեց: Վարժության բարդությունը քիչ էր, բայց մարզիկն ամենալավ ձեւով արեց այն, ինչ իրենից պահանջվում էր:

Ավելին հնարավո՞ր չէր:

Այսօրվա վիճակով՝ ոչ: Արծաթե մեդալի համար դժվար կարողանար պայքարել: Վնասվածքից հետո, որ կարողացավ այդքանն անել, ես գոհ եմ: Տեղ ունի ավելացնելու, կփորձենք, կավելացնենք աշխարհի առաջնությունում:

Օղակների վարժության եզրափակիչում ունեցանք միանգամից երկու մասնակից: Ի՞նչը տղաներին խանգարեց պայքարել մեդալների համար:

Օղակների վարժությունում մեր տղաների մրցելույթներից դժգոհ եմ: Վահագն Դավթյանը նորմալ ելույթ ունեցավ, չորրորդ տեղով էր անցել եզրափակիչ, իր տեղը պահեց եւ զբաղեցրեց հենց չորրորդ տեղը: Հնարավորություն ուներ առաջ գալու, բայց արեց այն, ինչ այս պահին կարող էր: Իր առավելագույնը չարեց, արդյունքը բավարար էր, սակայն վայրէջքն այն չէր:

Ինչ վերաբերում է Արթուր Թովմասյանին, նրանից շատ դժգոհ եմ: Ինքն էլ չհասկացավ՝ ինչ արեց, մենք էլ զարմացանք, թե ինչ տեղի ունեցավ: Գերազանց հանդես եկավ, ամեն ինչ շատ լավ կատարեց, բայց կանգնելուց ամեն ինչ փչացրեց: Ուղղակի զարմանալու էր, ինքն էլ չի կարողանում բացատրել՝ ինչու այդպես ստացվեց: Օղակները մյուս գործիքների պես անկանխատեսելի չեն, պետք է կատարել ու վայրէջքի ժամանակ կանգնել: Արթուր Թովմասյանը չկանգնեց ու հայտնվեց 7-րդ տեղում: Նա պետք է երկրորդ տեղը զբաղեցներ, երկրորդ տեղով էր անցել եզրափակիչ եւ կարող էր արծաթե մեդալակիր դառնալ: Իրականում, մենք ամենաշատը հավակնում էինք օղակների վարժությունում մեդալ նվաճել, բայց ստացվեց հակառակը:

Արթուր Դավթյանի մասնկացության մասին ի՞նչ կասեք:

Արթուրն ամենալավ ձեւով արեց այն, ինչ կարող էր թե՛ բազմամարտում, թե՝ հենացատկում: Այսօր հենացատկում զբաղեցրեց 5-րդ տեղը, որը նորմալ արդյունք է, քանի որ, ինչպես արդեն ասել էի, նրա երկրորդ ցատկը զիջում էր բոլորին:

Հուսանք, որ աշխարհի առաջնությունում երկրորդ ցատկը պատրաստած կլինենք: Պետք է նոր ամենաբարձր բարդությամբ ցատկ սովորենք, որպեսզի մեդալային պայքարի գնանք: Պետք է փորձենք, բայց ցատկի համար համապատասխան պայման չունենք Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի դահլիճում: Նման բարդությունների ցատկերի համար նախատեսված նորմալ փոս չունենք: Երեւի, արտագնա հավաքների ժամանակ փորձենք:

Պարոն Սերոբյան, խոսեցիք պայմանների մասին. ՀԱՕԿ-ը խոստացել է օգնել 50 հազար եվրոյի նվեր մարզագույքի տեղափոխման եւ մաքսազերծման հարցում: Խոստումն ուժի մե՞ջ է:

Այո, ինչպես մեզ խոստացել էին ՀԱՕԿ-ն ու Սպորտի նախարարությունը աջակցեցին մարզագույքի տեղափոխման հարցում: Իրականում, մարզագույքը ոչ թե 50 հազար եվրոյի էր, այլ 36 հազար: Ես նշել էի մոտ 50 հազար՝ հաշվի առնելով նաեւ մարզագույքի մաքսազերծման ծախսերը: Բայց ՀԱՕԿ-ի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ ինձ հայտնել են, որ մաքսազերծման գումար հարկավոր չէ: Մարզագույքը շուտով կհասնի մեզ, բայց ես թույլ չեմ տա այն տեղադրել, քանի դեռ դահլիճը վերանորոգված չէ: Վերանորոգման հարցը լուծման փուլում է: Քաղաքապետարանն է այդ հարցով զբաղվելու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում