01:33  ,  21 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» օգնեց դուրս գալ կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր: Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում անգլիական ակումբը տանը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց բելգիական «Անդերլեխտին»:

Ինչպես Բելգիայում կայացած առաջին խաղում, այնպես էլ այս հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի ընկավ 10-րդ րոպեին՝ խփելով 5-րդ գոլը Եվրոպայի լիգայի այս մրցաշարում: Խաղի սկզբնամասում «Անդերլեխտն» ավելի լավ տեսք ուներ եւ չհուսահատվեց նաեւ բաց թողած գոլից հետո: 2 գոլային պահ կորցնելուց հետո բելգիական ակումբը հաշիվը հավասարեցրեց 32-րդ րոպեին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի ակտիվ էր, սակայն թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսն անցնում էր հավասար պայքարում, բայց առանց իրական գոլային պահերի: 69-րդ րոպեից «Մանչեսթեր Յունայթեդը» կարող էր դարձյալ առաջ անցել հաշվի մեջ, սակայն անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կորցրեց 100 տոկոսանոց գոլային պահ: Քիչ անց դաշտի տերերից իրական գոլային պահ չիրացրեց նաեւ Զլատան Իբրահիմովիչը: Մանչեսթերցիներն աստիճանաբար մեծացրին ճնշումը եւ վերջնամասում ստացել էին նկատելի առավելություն: 79-րդ րոպեին գոլ խփելու իրական շանս կորցրեց նաեւ Պոլ Պոգբան, որն անկյունային հարվածի խաղարկման ժամանակ բարձր հարվածեց 2 մետրից: Վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց եւս մի քանի գոլային պահեր եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ Բելգիայում եւս գրանցվել էր 1:1 հաշիվը:

Լրացուցիչ ժամանակում անգլիական ակումբն ուներ առավելություն, որը կարողացավ վերածել գոլի: 107-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Մարկուս Ռեշֆորդը: Հենրիխ Մխիթարյանը հանդես եկավ առանց փոխարինման:

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ իսպանական «Սելտան» ու Ամստերդամի «Այաքսը» եւ ֆրանսիական «Լիոնը»:

«Շալկե» - «Այաքս» խաղում եւս հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում, իսկ «Լիոնի» ու Ստամբուլի «Բեշիկթաշի» միջեւ դիմակայությունում նշանակվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որում ավելի դիպուկ գտնվեցին ֆրանսիական ակումբի խաղացողները: 

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա ապրիլի 21-ին:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 1:1)

Հենրիխ Մխիթարյան, 10, Մարկուս Ռեշֆորդ, 107 – Սոֆիան Հանի, 32

«Շալկե» (Գերմանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 3:2 (առաջին խաղ՝ 0:2)

Լեոն Գորեցկա, 53, Գուիդո Բուրգստալեր, 56, Դանիել Կալիջեւրի, 101 – Նիկ Վիերգեւեր, 111, Ամին Յունես, 120

Հեռացում՝ Ջոել Վելտման, 80 («Այաքս»)

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 1:2)

Անդերսոն Տալիսկա, 27, 58 – Ալեքսանդր Լակազեթ, 34

11 մետրանոցներով՝ 6:7

«Գենկ» (Բելգիա) - «Սելտա» (Իսպանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:3)

Լեանդրո Տրոսարդ, 67 – Պիոն Սիստո, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս