00:38  ,  19 ապրիլի, 2017

«Աթլետիկոն» դուրս թողեց «Լեսթերին», «Ռեալն» ու «Բավարիան» պայքարը շարունակում են լրացուցիչ ժամանակում

Մադրիդի «Աթլետիկոն» նվաճեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր, իսկ Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան» քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը շարունակում են լրացուցիչ ժամանակում: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:1 հաշվով գերմանական թիմի օգտին: Առաջին խաղում նույն հաշվով հաղթել էր «Ռեալը»:

Պատասխան խաղում Արքայական ակումբը գոլ բաց թողեց երկրորդ խաղակեսում: Սեփական տուգանային հրապարակում «Ռեալի» բրազիլացի պաշտպան Կազեմիրոն խախտեց կանոնները հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենի նկատմամբ եւ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց մյունխենցիների լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Դրանից հետո հաշիվը հավասարեցրեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն օգտագործեց Կազեմիրոյի հրաշալի փոխանցումը:

Հենց հաջորդ գրոհի ժամանակ ինքնագոլի հեղինակ դարձավ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Չեմպիոնների լիգայում 100-րդ հանդիպումն անցկացրած իսպանացի պաշտպանը պատահաբար հետ ուղարկեց գնդակը դարպասապահ Կեյլոր Նավասին, որը չէր սպասում եւ չհասցրեց գնդակի հետեւից:

84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը՝ «Բավարիային» թողնելով 10 ֆուտբոլիստներով: Թիմերը պատրաստվում են լրացուցիչ ժամանակին:

Մադրիդի «Աթլետիկոն» Անգլիայում «Լեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում առաջինը հասավ հաջողության: Առաջին խաղակեսում աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը՝ խփելով «Աթլետիկոյի» 100-րդ գոլը Չեմպիոնների լիգայում: Երկրորդ խաղակեսում Անգլիայի չեմպիոնները անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը: «Աթլետիկոն» առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով եւ կիսաեզրափակիչում է:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչպատասխան հանդիպում

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2 (հիմնական ժամանակ), (առաջին խաղ՝ 2:1)

Կրիշտիանու Ռոնալդու, 76 - Ռոբերտ Լեւանդովսկի, 53, 11մ, Սերխիո Ռամոս, 78, ինքնագոլ

Հեռացում՝ Արտուրո Վիդալ («Բավարիա»), 84, երկրորդ դեղին քարտ

«Լեսթեր» (Անգլիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:1)

Ջեյմի Վարդի, 61 - Սաուլ Նյիգես, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում