20:53  ,  12 ապրիլի, 2017

ՈւԵՖԱ-ի նախագահ. Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկը Հայաստանից է (ֆոտո)

Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկը Հայաստանից է, ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը երեւանյան այցի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ակնարկելով «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Չեֆերինի աշխատանքային այցի վերջին կետը Ավանի ֆուտբոլի ակադեմիան էր: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ Չեֆերինը շրջայց կատարեց ակադեմիայի մարզադաշտերում, հետաքրքրվեց մարզումների համար ստեղծված պայմաններով, խոտածածկերի բնական կամ արհեստական լինելով, խոտածածկերի որակով, մարզվողների քանակով: Ռուբեն Հայրապետյանն էլ այդ ընթացքում հպարտությամբ պատմում էր Ալեքսանդր Չեֆերինին ակադեմիայի բարձրակարգ պայմանների, դրանում իր առավելագույն ջանքերի ներդրման մասին, ինչին ի պատասխան ՈւԵՖԱ-ի նախագահը սեղմեց Ռուբեն Հայրապետյանի ձեռքը՝ ի նշան շնորհակալության:

Շրջայցից հետո ՈւԵՖԱ-ի նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Այցելությանս նպատակը Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը հետեւելն է: Այդ կապակցությամբ այսօր ես Վաղարշապատ քաղաքում մասնակից եղա ակադեմիայի հիմնարկեքին: Եկել եմ նաեւ աջակցությունս հայտնելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը շատ լավ հարաբերությունների մեջ է ՈւԵՖԱ-ի եւ անձամբ ինձ հետ»,- ասաց Չեֆերինը:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի խնդիրներին, ՈւԵՖԱ-ի նախագահը նշեց, որ  բոլոր վայրերում նույն խնդիրն է տեսնում՝ ենթակառուցվածքները:

«Հայաստանն էլ մյուս երկրների պես ենթակառուցվածքների խնդիր ունի: Տաղանդավոր շնորհալի մարզիկներ ունեք, բայց ենթակառուցվածքները խնդիր են: ՈւԵՖԱ-ն ներդրում է անում, աջակցում է, ակնհայտ է, որ այդ ուղղությամբ աշխատում է նաեւ ՀՖՖ-ն եւ Հայաստանի կառավարությունը, բայց ենթակառուցվածքների մակարդակը դեռ բավարար չէ: Երեխաների համար ֆուտբոլ խաղալու տեղ չունեն եւ նրանք այդպես չեն կարող լավ ֆուտբոլիստ դառնալ»,- նշեց ՈւԵՖԱ-ի նախագահը:

ՈւԵՖԱ կառույցի մասին եւ համակարգային փոփոխությունների մասին նորանշանակ նախագահը մեկնաբանեց.

«Հելսինկիում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի կոնգրեսում կառավարման հետ կապված լուրջ փոփոխություններ ազդարարվեցին եւ տարբեր երկրների ներկայացուցիչներ, տարբեր կարծիքներ հայտնեցին: Իմ կարծիքը ՈւԵՖԱ-ի կառույցի մասին հետեւյալն է՝ ՈւԵՖԱ-ն շատ լավ կազմակերպություն է, շատ ավելի լավ, քան մնացած այլ սպորտային կյազմակերպությունները: Բայց դա չի նշանակում, որ չպետք է արդիականացվենք, չպետք է հարմարվենք նոր ժամանակներին, նոր պահանջներին: Եվ կարծում եմ՝ մեզ մոտ ստացվում է»:

Հայաստանում ֆուտբոլի վիճակի մասին ՈւԵՖԱ-ի նախագահը պատասխանեց, որ չի կարող գնահատական տալ, բայց խոսքում շեշտեց, որ Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկը Հայաստանից է:

«Դուք պետք է գնահատեք ձեր ֆուտբոլը, ես չեմ կարող ձեզ գնահատական տալ: Ամեն ինչ պայմանավորված է արդյունքով: Կառուցվում են ակադեմիաներ Հայաստանում եւ միայն արդյունքով պարզ կլինի, թե ինչ զարգացման փուլ է անցնում հայկական ֆուտբոլը: Համոզված եմ, որ ճիշտ ճանապարհին եք եւ լավ գործ եք անում, փորձում եք: Բայց դուք շատ փոքր լիգա ունեք եւ եթե ակումբների բյուջեները շատ քիչ են, ապա ֆեդերացիան չի կարող հրաշքներ գործել: Ամենակարեւորը երիտասարդների, պատանիների հետ աշխատելն է, ֆուտբոլը զարգացնելը: Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկը Հայաստանից է. Ակնհայտորեն լավ արդյունքներ կարող եք ունենալ»:

NEWS.am Sport-ի թղթակցի հարցին, թե ինչպես է ՈւԵՖԱ-ն պայքարում կոռուպցիայի դեմ, հաշվի առնելով ՈւԵՖԱ-ի նախորդ նախագահի օրինակը, Ալեքսանդր Չեֆերինը նշեց, որ իր ղեկավարած կառույցն այդքան էլ կոռումպացված չէ:

«ՈւԵՖԱ-ն կոռուպցիայի մեջ առանձնապես ներգրավված չի եղել: Որքանով տեղյակ եմ, դա ավելի շատ եղել է ՖԻՖԱ-ում: Իհարկե, դատապարտում ենք կոռուպցիան»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Չեֆերինը Վաղարշապատում մասնակցել է ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում