11:15  ,  12 ապրիլի, 2017

Բարտրան դուրս է գրվել հիվանդանոցից, Ոստիկանությունը ռումբի պայթյունը չի որակում ահաբեկչություն

Դորտմունդի Ոստիկանությունը չի հաստատել, որ «Բորուսիայի» եւ «Մոնակոյի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ գերմանական ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունն ահաբեկչություն է, գրում է Bild-ը:

«Ահաբեկչության վտանգն այսօր նորություն չէ: Մենք երկար էինք պատրաստվել սրան, եւ ես չեմ հաստատի, որ դա ահաբեկչություն է: Այժմ ընթանում է հետաքննություն»,- ասել է Դորտմունդի ոստիկանապետ Գրեգոր Լանգեն:

Հիշեցնենք, որ ռումբի պայթյունի հետեւանքով «Բորուսիայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ հոգեբանական շոկ է եւ ձեռքի պատռվածք: Բարտրան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ տանն է: Գերմանական մամուլի համաձայն՝ պայթյունից տուժել է նաեւ «Բորուսիայի» ավտոբուսն ուղեկցող ոստիկանը:

Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնից ոչ հեռու տեղի ունեցած միջադեպի պատճառով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը տեղափոխվել է եւ տեղի կունենա ապրիլի 12-ին՝ Երեւանի ժամանակով 20:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում