14:58  ,  11 ապրիլի, 2017

Փաշիկ Ալավերդյանն ու հայ ծանրորդներն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից 5 մեդալով (1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ) Հայաստան վերադարձած հայ ծանրորդները հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին իրենց մրցելույթները:

Փաշիկ Ալավերդյան. «Մենք ամբողջական թիմով չէինք: Երեք աղջիկներից երկուսը մեդալ նվաճեցին, իսկ մեկը ձախողեց: Նրանց աշխատանքը կգնահատեմ 70 տոկոս արդյունք: Մեր տղաները փառահեղ մասնակցեցին, որովհետեւ Օլիմպիական խաղերից հետո ուշքի գալը եւ կարճ ժամանակահատվածում այս արդյունքներն ունենալը հերոսություն էր: Ունեցանք մեկ ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Սա մեր առավելագույն արդյունքն էր, որ այս պահին կարող էինք ունենալ: Շատ լավ մասնակցեց նաեւ Անդրանիկ Կարապետյանը, բարձր մակարդակով հանդես եկավ: Նա նույնիսկ ցանկանում էր ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնել, բայց մարզչական կազմով որոշեցինք, որ այդքանը բավական էր: Հիմա բոլորը կհարցնեն, թե ինչու Անդրանիկ Կարապետյանին տարանք Եվրոպայի առաջնությանը․ ոչ ոք չի կարող իմ մարզչական որոշումները կասկածի տակ դնել, քանի որ այս պահին համարում եմ, որ Անդրանիկին մրցահարթակ դուրս գալ շատ պետք էր հոգեբանական ճնշվածությունից ազատվելու համար:  Անդրանիկ Կարապետյանի քաշային կարգի հարցը դեռ վերջնական լուծված չէ: Նա իրեն լավ է զգում 85 կգ քաշային կարգում, բայց գուցե կրկին փորձարկենք 77 կգ քաշային կարգում: Պետք է ամեն ինչ անենք, որ նա վնասվածք չստանա: Պետք է հոդերը, մկանները ամրանան: Ժամանակի ընթացքում պարզ կլինի:

Ինձ բավարարել է նաեւ երիտասարդների մասնակցությանը: Հիմա կսկսենք հավաքները: Պատրաստվում ենք ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեր եղած ֆինանսներով կփորձենք ունենալ մի քանի արտագնա ուսումնամարզական հավաքներ: Առաջինը կլինի Ուկրաինայում, ապա 2-3 հավաք Հայաստանում, դրանից հետո Կազանի մարզաբազայում կանցկացնենք հավաք: Հետո կրկին կլինի հայաստանյան հավաք: Վերջին հավաքը նպատակ ունեմ կազմակերպել ԱՄՆ-ում, դեռ քննարկվում է:

Այս ընթացքում օգոստոսին կայանալու է Համաշխարհային ուսանողական խաղերը, որին հավաքականի տղաներից մի քանիսը կմասնակցեն: Դեռ որոշված չէ՝ ովքեր կլինեն, բայց մի քանի մասնակիցներ կունենանք, քանի որ մեզ համար այս խաղերը շատ կարեւոր են»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան. «Շատ լավ էինք պատրաստվել: Այս առաջնությունում մինչեւ մրցումները կարծում էի, որ մրցակիցս լինելու է Դավիթ Բեջանյանը: Բայց նա, փաստորեն, լավ մարզավիճակում չէր: Այնպես չէր, որ մրցակցություն չկար, բայց հաջող ստացվեց ամեն ինչ, գոհ եմ իմ մրցելույթից»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:

Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյան. «Սպասումները մեծ էին, բայց  սպասումներս արդարացան միայն պոկում վարժությունում: Հրում վարժությունում չբարձրացրեցի այն կիլոգրամները, որոնց պատրաստվել էի:

Լաշա Տալախաձեն շատ ուժեղ մարզիկ է, խոսք չունեմ, բայց պետք է այնպես անենք, որ նա աշխարհում դառնա երկրորդը կամ երրորդը ինձանից եւ Ռուբեն Ալեքսանյանից հետո»,- շեշտեց Գոռ Մինասյանը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյան. «Արդյունքներս նորմալ էին, բայց ունեցա երկու անհաջող մոտեցումներ, որոնք իմ ուժերի սահմաններում էին: Դա իմ սխալն էր եւ առաջիկայում կփորձեմ ուղղել սխալս »,- ասաց Ռուբեն Ալեքսանյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկրորդ տեղն էր գրավել գերծանր քաշային կարգում, որում բրոնզե մեդալի էր արժանացել Ռուբեն Ալեքսանյանը: 75 կգ քաշային Սոնա Պողոսյանն ու 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը նվաճել էին բրոնզե մեդալ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում