11:45  ,  3 ապրիլի, 2017

Ռոջեր Ֆեդերերը կհանգստանա մինչեւ «Ռոլան Գարոսը»

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Մայամիում ավարտված «Մասթերս-1000» մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելուց հետո հայտնել է, որ մինչեւ «Ռոլան Գարոսը» չի մասնակցելու մրցաշարերի:

«Ես 24 տարեկան չեմ եւ, հնարավոր է, որ չեմ մասնակցի գրունտի վրա անցկացվող մրցաշարերին՝ բացառությամբ «Ռոլան Գարոսի»: Պետք է հանգստանամ եւ լավ պատրաստվեմ»,- 35-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է L'Equipe-ը:

Ֆեդերերը բաց կթողնի Մոնտե Կարլոյի, Մադրիդի ու Հռոմի «Մասթերս-1000» շարքի մրցաշարերը: «Ռոլան Գարոսն» անցկացվելու է մայիսի 28-ից հունիսի 11-ը:

Հիշեցնենք, որ Մայամիում Ֆեդերերը եզրափակիչում 6:3, 6:4 հաշվով հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալին եւ նվաճել կարիերայի 91-րդ տիտղոսը: Աշխարհի նախկին առաջին ռակետներն այս տարվա հունվարին հանդիպել էին նաեւ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, որում շվեյցարացին հաղթել էր 5 սեթում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում