22:32  ,  26 մարտի, 2017

Ալեքսանդր Բորոդյուկ. Մրցավարը պետք է ցույց չտար այդպիսի կարմիր քարտ

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը մեկնաբանեց աշխարհի առաջնության ընտրական խաղում Հայաստանի թիմից կրած պարտությունը:

«Մինչեւ կարմիր քարտը մեր խաղացողները կատարում էին խաղի ծրագիրը: Երկրորդ խաղակեսում վատ չէինք խաղում, սակայն կարմիր քարտն ազդեց խաղի վրա: Եթե դիտում եք Եվրոպայի ու աշխարհի առաջնության խաղեր, տեսել եք, որ ֆուտբոլը պայքար է եւ մրցավարը թույլ է տալիս պայքարել: Մարզիչը պահանջում է պայքարել, սակայն չգիտեմ, թե ինչու մրցավարն այդպես որոշեց: Ըստ ինձ՝ այդ դրվագում դեղին քարտ չկար: Տղաները պայքարեցին, սակայն այդ հեռացումը ազդեց խաղի վրա:

Ավելի ճիշտ կլինի ձեր մարզիչին հարցնեք, թե ինչ շանսեր ունի Հայաստանի հավաքականն այս ընտրական խմբում: Հայաստանի թիմին մաղթում եմ հաջողություն:

Այն, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, բոլորդ գիտեք: Նա իր բարձր կարգն ապացուցում է ակումբում ու հավաքականում: Ստացվեց հետաքրքիր խաղ, սակայն պետք է կրկնեմ, որ կարմիր քարտը փոխեց ամեն բան: Այսպիսի խաղերում պետք է թույլ տալ պայքարել: Երկրպագուները սիրում են, որ դաշտում կան էմոցիաներ ու պայքար գնդակի համար: Առաջին կեսում Հայաստանի թիմն ուներ առավելություն, իսկ հետո մենք հավասարեցրինք խաղը: Ունեինք գոլային պահ, որը չօգտագործեցինք:

Ընդմիջումից հետո փորձեցինք դաշտի կենտրոնում չկորցնել գնդակը եւ վերահսկել խաղը, իսկ երրորդ կիսապաշտպանին տարանք առաջ: Ճիշտ դասավորվածության շնորհիվ մենք հավասարեցրինք խաղը, բայց կարմիր քարտը փչացրեց ամեն բան

Ցանկացած պարտությունից պետք է անել ճիշտ ենթադրություններ, իսկ վստահությունը կգա հաղթնակներից հետո: Առաջիկա խաղերում պետք է հաղթենք: Կաշխատենք հոգեբանության վրա, որպեսի նրանք վստահություն ձեռք բերեն եւ ցուցադրեն իրենց վարպետությունը:

Առաջիկա խաղերում կփորձենք կատարել տակտիկական փոփոխություններ: Ես ընդամենը մեկ շաբաթ եմ աշխատում թիմի հետ: Առաջիկայում կաշխատենք հարձակման գծի ուղղությամբ»,- ասաց ռուս մասնագետը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականն ուժեղ  էր գտնվել 2:0 հաշվով՝ տանելով երկրորդ հաղթանակն այս ընտրական փուլում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով