22:23  ,  26 մարտի, 2017

Արթուր Պետրոսյան. Համարձակությունը գործի կեսն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Երեւանում կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում Ղազախստանի թիմի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո հետխաղյա ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

Ինչպե՞ս է Գեւորգ Ղազարյանի վիճակը:

Նա հիվանադանոցում է, անցնում է բուժզննում: Երեւի, դա այս խաղի ամենացավալի պահն էր: Հուսով եմ, որ ոչ մի լուրջ բան չի լինի Գեւորգի հետ, որովհետեւ նա մեզ պետք է թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ:

Ձեր գնահատականը խաղին:

Առաջին կեսը լավ խաղացինք, լավ պրեսինգի էինք դիմում: Հանգստություն չկար խաղի մեջ, սակայն տղաները խաղացին հարձակողական ֆուտբոլ: Երկրորդ կեսում կորցրինք խաղի թելը, բայց, կարելի է ասել, կարմիր քարտը ճիշտ ժամանակին էր:

Հարձակման գծի խաղը մտահոգո՞ւմ է:

Իմ կարծիքով, շատ պահեր ստեղծեցինք, սրություն կար, պարզապես վերջին հարվածը չէր ստացվում: Ասել եմ, որ ունենք բաց տեղեր եւ չենք կարող ամեն բան միանգամից ուղղել: Նախորդ խաղը 4.5 ամիս առաջ էր, եւ քիչ ժամանակ ունեինք:

Մյուս մրցակիցների հետ եւս խաղալո՞ւ եք հարձակողական ֆուտբոլ:

Համարձակությունը գործի կեսն է: Չեռնոգորիայի դեմ խաղից հետո պետք է հարձակողական ֆուտբոլ խաղայինք: Սարկիսովին այսօր միանում էին կիսապաշտպանները: Սա առանց սխալների խաղ չէր: Այսօր չստացվեց օգտագործել գոլային պահերը: Ավելի հեշտ կլիներ, եթե առաջին կեսում օգտագործեինք պահերը: Եթե չեմ սխալվում, նախորդ անգամ գոլ բաց չէինք թողել 4 տարի առաջ:

Մխիթարյանի ու Սարկիսովի խաղը ինչպե՞ս կգնահատեք:

Ինչպես տեսաք, խաղում էինք 4-1-4-1 տակտիկական սխեմայով: Մեր նպատակն էր, որ Մխիթարյանն ու Մարկոսը կենտրոնանային գրոհների կազմակերպման վրա: Կարծում եմ՝ նրանք ուժերի չափով կատարեցին իրենց պարտականությունները: Սարկիսովը մեծ աշխատանք կատարեց եւ փոխարինվեց, քանի որ շատ էր հոգնել:

Ի՞նչ սխալներ նկատեցիք:

Ինչ-որ տեղ պաշտպանությունում սխալներ կային: Նաեւ պետք էր ավելի սառնասիրտ գործել մրցակցի դարպասի մոտ:

Ընկերական խաղեր պե՞տք չեն խաղակցվածությունը բարելավեու համար:

Մենք Ղազախստանի հավաքականը չենք, եւ մեր բոլոր խաղացողները մեր առաջնությունում չեն խաղում: Մեր խաղացողները ժամանել են տարբեր օրերի, եւ մեզ համար կարեւոր էր, որ կարողանայինք նորմալ նախապատրաստվել այս խաղին: Չէի ցանկանա, որ իմ խաղացողները հոգնած լինեին այս խաղից առաջ:

Կարմիր քարտը վճռորո՞շ եղավ այս խաղում:

Կարծում եմ՝ այո: Հենց կարմիր քարտի դրվագից առաջ մեր դարպասի մոտ մեծ ճնշում կար: Ես դա համարում եմ վճռորոշ պահ: Մրցակիցը 10 խաղացողով էր մնացել, սակայն վտանգավոր խաղ էր ընթանում:

Ի՞նչ կտա մեր թիմին առաջիկա ընկերական խաղը Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականի հետ: Արդյոք չկա՞ն ավելի հարմար մրցակիցներ: 

Մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Հյուսիսային Իռլանդիայի ու Նոր Զելանդիայի հավաքականները սկզբնական համաձայնություն էին տվել, սակայն հետո հրաժարվեցին: Մեզ շատ է պետք այդ խաղը, որպեսզի խաղացողները հունի մեջ մտնեն: Առաջնության ավարտից հետո 2 շաբաթ ընդմիջում է լինելու մինչեւ Չեռնոգորիայի դեմ խաղը:

Արասի խաղն ինչպե՞ս կգնահատեք:

Արասը 100 տոկոսով պատրաստ չէր: Խաղից առաջ էլ ծրագրել էինք, որ նրան թարմ ուժերով դուրս բերենք խաղադաշտ: Ամեն անգամ դա չի ստացվում, սակայն այս անգամ շատ լավ ստացվեց: Բոլոր՝ 3 փոխարինողներն էլ շատ լավ մտան խաղի մեջ: Արասը հարձակողական ոճի ֆուտբոլիստ է, իսկ Սարկիսովն էլ հոգնել էր:

Տիգրան Բարսեղյանը կարողացա՞վ փոխարինել Գեւորգ Ղազարյանին:

Ղազարյանի վնասվածքը խախտեց մեր ծրագրերը: Բարդ է, երբ երկրորդ րոպեին ստապված ես լինում փոխարինում կատարել: Կարծում եմ՝ Բարսեղյանը լավ մտավ խաղի մեջ: Նա լավ աշխատանք կատարեց մինչեւ վերջին 15 րոպեն, երբ հոգնել էր արդեն: Նա բարձրակարգ խաղացող է եւ կարող է լավ ֆուտբոլ խաղալ:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով