17:55  ,  25 մարտի, 2017

Արթուր Պետրոսյան. Մխիթարյանը շատ լավ պատրաստ է, ոչ մի բացասական բան չեմ կարող ասել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի  թիմի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին:

Ի՞նչ խնդիր է լուծելու ձեր թիմը հետնապահների խաղում:

2 թիմերն էլ հավասար են, լինելու է ծանր խաղ: Մրցակիցն ունի լավ թիմ: Պատրաստվում ենք լարված պայքարի: Ղազախստանի թիմը լավ պատրաստ է ֆիզիկապես եւ միշտ պրեսինգի է դիմում:

Ղազախստանի եւ Կիպրոսի միջեւ ընկերական խաղը դիտե՞լ եք:

Չնայած ամեն ինչ արել էին, որ չդիտենք խաղը, սակայն հաջողվեց դիտել այն: Մենք դիտել ենք խաղը եւ ուսումնասիրել ենք մրցակցին:

Ո՞վ է խաղալու աջ պաշտպանի դիրքում:

Կամո Հավհաննիսյանն իր ակումբում խաղում է կիսապաշտպանություն, եւ եթե ընտրենք նրան, ապա նա հանդես կգա կիսապաշտպանությունում: Հովհաննես Համբարձումյանը թեթեւ վնասվածք է ստացել եւ որոշում կկայացնենք վաղը: Հրայր Մկոյանն էլ 2 ամիս չի խաղացել: Նա 2 շաբաթ մարզվել է, բայց չի հավաքել իր մարզավիճակը:

Դավիթ Մանոյանին ո՞վ է փոխարինելու:

Մանոյանի վնասվածքը մեծ հարված էր: Պետք է ելք գտնել: Կարծում եմ՝ կկարողանանք ճիշտ որոշում կայացնել:

Հենրիխ Մխիթարյանն ի՞նչ մարզավիճակում է:

Նա շատ լավ պատրաստ է, ոչ մի բացասական բան չեմ կարող ասել:

Ոչ ոքին ինչպիսի՞ արդյունք կհամարվի Ձեր թիմի համար:

Խաղալու ենք հաղթանակի համար:

Արաս Օզբիլիսն ի՞նչ վիճակում է:

Արասը հիմնական կազմում չի խաղում ակումբում: Վերջին 3 շաբաթվա ընթացքում նա մասնակցել է միայն մեկ ընկերական խաղի եւ մեկ անգամ խաղացել երկրորդ թիմի կազմում: Նա ֆիզիկապես պետք է ավելացնի: Վաղը փորձելու ենք հարձակողական ֆուտբոլ խաղալ: Եթե ստացվի, լավ կլինի: Տակտիկական փոփոխություններ ենք կատարել, որպեսզի հարձակողական ֆուտբոլ խաղանք:

Հայաստանի առաջնությունից հավաքական է հրավիրվել ընդամենը 6 խաղացող: Հավաքականի մակարդակի այլ ֆուտբոլիստներ չկա՞ն Բարձրագույն խմբում:

Թեկնածուներ կան, սակայն ձմեռային դադարից հետո դեռ 3 խաղ է անցկացվել, եւ նրանք չեն հասցրել լավ մարզավիճակ հավաքել: Իսկ դրսում խաղացող տղաները ավելի լավ վիճակում են:

Հնարավո՞ր է, որ «Ռոստովի» խաղացող Խորեն Բայրամյանը հրավիրվի հավաքական:

Բայրամյանի հետ կապ ենք հաստատել Չեռնոգորիայի հետ հանդիպումից հետո: 2 անգամ զրուցել ենք հեռախոսով: Ես պետք է մեկնեի Ռոստով եւ զրուցեի նրա հետ, սակայն հետո չստացվեց: Դա մեզանից կախված չէր: Նա մեծ ուրախությամբ հետաքրքրվեց եւ ցանկանում էր խաղալ հավաքականում, բայց մենք չկարողացանք հանդիպել:

Այս ամիս եղան մի քանի խաղեր, որոնցում Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես էր գալիս հարձակման գծում: Հնարավո՞ր է, որ հավաքականում եւս նրան տեսնենք առջեւի գծում:

Ինչպես գիտեք, Հենրիխը կարող է խաղալ նաեւ որպես ձախ պաշտպան: Ես նրան հավաքականում չեմ տեսնում հարձակման գծում, քանի որ այստեղ նա մեզ պետք է կիսապաշտպանությունում:

Սարգիս Ադամյանը կարո՞ղ է վերադառնալ հավաքական:

Նա խաղում է Գերմանիայի չորրորդ լիգայի թիմում: Եթե նա ունի բարձր որակներ, ունի աճելու շանս: Եթե դա տեղի ունենա, հնարավոր է:

Ի՞նչ կարծիքի եք, ՈւԵՖԱ-ի ստեղծած Ազգերի լիգայի մասին:

Այս խաղերից հետո կերեւա, թե ինչ շանսեր ունենք: Մեզ համար ավելի լավ կլիներ հայտնվել չորրորդ խմբում, քանի որ երրորդ խումբը լինելու է ավելի ուժեղ:

Որոշե՞լ եք, թե ովքեր են իրացնելու ստանդարտ դիրքերը:

Մենք ունենք 3-4 ֆուտբոլիստներ, որոնք կարող են շատ լավ իրացնել: Ստանդարտները չեն իրացնելու միայն Գեւորգ Ղազարյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Որոշել ենք, բայց մենք փորձելու ենք փոփոխական լինեն:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով