16:15  ,  24 մարտի, 2017

Գեւորգ Ղազարյան․ Ցանկանում ենք գեղեցիկ եւ գոլառատ հանդիպում պարգեւել մեր երկրպագուներին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Ղազախստանի թիմի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպման մասին:

Գեւորգ, ինչպե՞ս կգնահատես ղազախական ֆուտբոլի մակարդակը քո՝ այնտեղ խաղալու տարիներին եւ հիմա:

Ղազախական ֆուտբոլի մակարդակը վերջին տարիներին անընդհատ աճում է: Դեռեւս այն ժամանակ, երբ ես այնտեղ էի խաղում, թիմերն արդեն բավականին ուժեղացել էին: «Շախտյորի» հետ մենք դուրս եկանք Եվրոպա լիգայի խմբային փուլ: Դրանից հետո առաջնությունն էլ ավելի է ուժեղացել, ինչի ապացույցը «Աստանայի»՝ նախորդ մրցաշրջանի ելույթներն են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:

Թիմերի միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականին: Ի՞նչ ես հիշում այդ հանդիպումից:

Հիշում եմ, որ արդեն առաջին խաղակեսում լուրջ առավելություն ստացանք: Ես դարձա 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը շատ գեղեցիկ ստացվեց: Այդ ժամանակ մեր հավաքականը գերազանց մարզավիճակում էր, եւ այդ խաղը սկզբից մինչեւ վերջ շատ հաջող ստացվեց մեզ համար:

Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:

Չնայած Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին առաջադիմել է եւ ավելի ուժեղ է, քան մի քանի տարի առաջ, բայց մեր նպատակն այս խաղում միայն հաղթելն է: Պետք է փորձենք զարգացնել մեր հաջողությունը: Ֆուտբոլում ամեն ինչ պատահում է, բայց ցանկանում ենք գեղեցիկ եւ գոլառատ հանդիպում պարգեւել մեր երկրպագուներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում