15:06  ,  23 մարտի, 2017

Հենրիխ Մխիթարյանն այցելել է Արյունաբանական կենտրոնում գտնվող երեխաներին (ֆոտոշարք)

Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտի 23-ին բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:

Հենրիխ Մխիթարյանն անցել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով եւ այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցել եւ լուսանկարվել է նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ եւ իր ստորագրությամբ նկարներ նվիրել նրանց:

Այնուհետեւ 28-ամյա ֆուտբոլիստն այցելել է կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ: Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցեց, խաղաց եւ լուսանկարվեց նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնեց նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրեցին իրենց պատրաստած պաստառը եւ նրա համար կատարեցին իրենց պատրաստած երգը: Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման եւ ապաքինման հարցում:

«Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք եւ պայքարեք ձեր նպատակների համար»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում