13:30  ,  21 մարտի, 2017

Շվայնշտայգեր. Տխուր է բաժանվել «Մանչեսթեր Յունայթեդի» ընկերներիս հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է, որ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը տեղափոխվում է ամերիկյան «Չիկագո Ֆայր»: Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստին մնում է միայն անցնել բուժզննում եւ ստանալ ԱՄՆ-ի մուտքի վիզա:

«Տխուր է բաժանվել «Մանչեսթեր Յունայթեդի» ընկերներիս հետ: Շնորհակալ եմ ակումբին ինձ այլ առաջնությունում ուժերս փորձելու հնարավորություն տալու համար:

Տեղափոխությունս «Չիկագո Ֆայր» չի տարբերվում իմ նախորդ տրանսֆերներից: Ակումբի ղեկավարության հետ զրուցելուց հետո հասկացա, որ «Չիկագո Ֆայրը» հետաքրքիր նախագիծ է, որին ցանկանում եմ օգնել»,- Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Գերմանիայի հավաքականի նախկին ավագը 2015-ին Մյունխենի «Բավարիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում հազվադեպ էր խաղում այս մրցաշրջանում: Ավելի վաղ նշվում էր, որ ԱՄՆ-ում գերմանացի կիսապաշտպանը ստանալու է տարեկան 4.5 միլիոն դոլար աշխատավարձ եւ կընդգրկվի MLS-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողների տասնյակում:

Հիշեցնենք, որ «Չիկագո Ֆայրի» կազմում խաղում է նաեւ հայ հարձակվող Դավիթ Արշակյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում