11:56  ,  20 մարտի, 2017

Daily Mail. Հենրիխ Մխիթարյանը «Միդլսբրոյի» դեմ խաղին չի մասնակցել վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Միդլսբրոյի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրի խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով, գրում է Daily Mail-ը:

Բրիտանական հեղինակավոր պարբերականը, անդրադառնալով Ժոզե Մոուրինյոյի թիմի կադրային խնդիրներին, նշել է, որ Հենրիխ Մխիթարյանը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք ունեն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Առանց Հայաստանի հավաքականի ավագի, Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Անդեր Հերերայի եւ Ուեյն Ռունիի խաղացող մանչեսթերցիներն արտագնա հաղթանակ էին տարել 3:1 հաշվով եւ, շրջանցելով այս տուրում պարտություն կրած Լոնդոնի «Արսենալին», 52 միավորով բարձրացել 5-րդ տեղ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես չի հայտնել Մխիթարյանի վնասվածքի մասին: «Ռոստովի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի ընթացքում ռուսական ակումբի ֆուտբոլիստները մի քանի դրվագներում կոպիտ խաղ էին դուցադրել Հենրիխի հետ պայքարելիս: 28-ամյա կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում