01:35  ,  16 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» լքեց պայքարը, «Աթլետիկոն» քառորդ եզրափակիչում է

Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոն» ու Մադրիդի «Աթլետիկոն» դարձան ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին 2 մասնակիցները:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մոնակոն» տանը 3:1 հաշվով հաղթեց անգլիական «Մանչեսթեր Սիթիին», որին հյուրընկալվելիս պարտվել էր 3:5 հաշվով: Դիմակայությունում գրանցվեց 6:6 հաշիվը, եւ «Մոնակոն» պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ մրցակցի դաշտում խփած գոլերի շնորհիվ:

Մոնակոյում կայացած խաղում դաշտի տերերը շատ վստահ անցկացրին առաջին խաղակեսը եւ ընդմիջման գնացին 2 գոլի առավելությամբ: Երկրորդ խաղակեսում մանչեսթերցիներն ունեին մեծ առավելություն եւ մի քանի իրական գոլային պահ կորցնելուց հետո 71-րդ րոպեին կրճատեցին հաշիվը, սակայն 6 րոպե անց գոլ բաց թողեցին ստանդարտ դիրքից: Վերջնամասում Խոսեպ Գվարդիոլայի թիմին չհաջողվեց ստեղծել գոլային պահեր:

Մադրիդի «Աթլետիկոն» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Լեւերկուզենի «Բայերի» հետ եւ հաջորդ փուլ դուրս եկավ Գերմանիայում 4:2 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին: Ավելի վաղ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսը» եւ Անգլիայի չեմպիոն «Լեսթերը»:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր 

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 3:5)

Կլիան Մբապե, 8, Ֆաբինյո, 29, Տյեումե Բակայոկո, 77 – Լերոյ Սանե, 71

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 4:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս