09:41  ,  13 մարտի, 2017

«Բարսելոնա» - ՊՍԺ խաղի մրցավարն անպատվել է հյուրերի խաղացողներին

Ֆրանսիական ՊՍԺ-ն դժգոհ է ոչ միայն կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի մրցավարական որոշումներից, այլեւ հանդիպումը սպասարկած գերմանացի Դենիզ Այտեկինի վարքից, հայտնում է Le Parisien-ը:

38-ամյա մրցավարը ՊՍԺ-ի դարպասին նշանակել էր 11 մետրանոց 2 հարված, իսկ «Բարսելոնայի» պաշտպան Խավյեր Մասկերանոյի՝ սեփական տուգանայինում Անխել Դի Մարիայի նկատմամբ խախտմանը չէր արձագանքել: ՊՍԺ-ի ֆուտբոլիստները խաղի ընթացքում մի քանի անգամ փորձել են բողոքել մրցավարի որոշումների վերաբերյալ, սակայն Դենիզ Այտեկինը նրանց պատասխանել է Fuck you հայհոյանքով:

Ամենայն հավանականությամբ, Դենիզ Այտեկինն այլեւս խաղեր չի սպասարկի Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» տպավորիչ ռեւանշի հասավ 6:1 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Ընդ որում՝ մինչեւ 88-րդ րոպեին հաշիվը 3:1 էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում