12:32  ,  9 մարտի, 2017

Ռեկորդի հեղինակ Նեյմար. Սա լավագույն հանդիպումն էր, որին մասնակցել եմ

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ, սահմանել է ռեկորդ: Նեյմարն առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշարում կատարում է 8 գոլային փոխանցում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Չավիին, Զլատան Իբրահիմովիչին ու Մեսութ Օզիլին, որոնք կատարել էին 7-ական փոխանցում:

«Բարսելոնայի» օգտին 6:1 հաշվով ավարտված խաղից հետո բրազիլացի հարձակվողը պատմել է, որ երբեք չի մոռանա այդ երեկոն:

«Սա լավագույն հանդիպումն էր, որին ես մասնակցել եմ: Երբեք չեմ մոռանա: Մենք շատ էինք սպասել այս օրվան, որպեսզի պատմություն կերտենք: Թվում էր, որ այս օրը երբեք չի գա, սակայն այն եկավ եւ անցավ հրաշալի:

Փարիզում 0:4 հաշվով պարտությունից հետո մեզ համար շատ բարդ էր, սակայն Իսպանիայի առաջնությունում լավ արդյունքները հոգեբանորեն օգնեցին մեզ: Գիտեինք, որ բարդ է լինելու, սակայն հավատում էինք, որ հաջորդ փուլ դուրս գալն իրական է, քանի որ մեր ակումբն ի զորու է ամեն ինչի»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղի մինչեւ 88-րդ րոպեն հաշիվը 3:1 էր, բայց Նեյմարը 2 րոպեում 2 գոլ խփեց տուգանայինից ու 11 մետրանոցից, իսկ ավելացված ժամանակի 5-րդ րոպեին նաեւ գոլային փոխանցում կատարեց Սերխի Ռոբերտոյին:

Եվրագավաթների պատմության մեջ ոչ մի ակումբի չէր հաջողվել փլեյ-օֆֆի 2 հանդիպումների արդյունքում դուրս գալ հաջորդ փուլ, եթե առաջին խաղում պարտվել էր 0:4 հաշվով: Բացի այդ, ոչ մի թիմ չէր կարողացել շարունակել պայքարն առաջին խաղում 4 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում