16:30  ,  8 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. «Արսենալի» հակառեկորդն ու «Բավարիայի» ռեկորդը

Լոնդոնի «Արսենալը», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 1:5 հաշվով պարտվելով Մյունխենի «Բավարիային» եւ լքելով պայքարը, սահմանել է հակառեկորդ:

«Արսենալը» Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ակումբն է, որը 7-րդ տարին անընդմեջ չի կարողանում հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը: Նախորդ անգամ լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակիչ դուրս է եկել 2009/10 մրցաշրջանում, երբ փլեյ-օֆֆում հաղթել է պորտուգալական «Պորտուին» (1:2, 5:0), սակայն հաջորդ փուլում պարտվել է «Բարսելոնային» (2:2, 1:4):

Բացի այդ, «Արսենալը» տնային «Էմիրեյթս» ստադիոնում առաջին անգամ բաց թողեց 5 գոլ: Ընդ որում՝ Գերմանիայի չեմպիոնը բոլոր գոլերը խփել էր երկրորդ խաղակեսում, որում անգլիական ակումբը մնացել էր 10 խաղացողներով:

«Բավարիան» էլ սահմանել է ակումբային ռեկորդ՝ 6-րդ տարին անընդմեջ դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Նախորդ անգամ մյունխենցիները 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել չեն կարողացել 2010/11 մրցաշրջանում, երբ ճանապարհը զիջել էին իտալական «Ինտերին» (1:0, 2:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում