12:39  ,  1 մարտի, 2017

Մեսին ու Նեյմարը կարող են չմեկնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, եթե «Բարսելոնան» նվաճի ուղեգիր

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միության կազմից դուրս գալու հետեւանքների մասին: Բանն այն է, որ Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշարի եզրափակիչը տեղի է ունենալու Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում, իսկ որոշ ֆուտբոլիստներ ունեն Մեծ Բրիտանիայի մուտքի վիզա ստանալու խնդիրներ:

«Խնդիր չեմ տեսնում, որ Մեծ Բրիտանիա մուտք գործել թույլ չեն տալիս հանցավոր անձանց: Սակայն պատկերացրեք, որ նրանք Մեսիին ու Նեյմարին թույլ չտան մեկնել Ուելս, քանի որ նրանց վերաբերյալ դատական գործընթացը դեռ չի ավարտվել: Օրենքի համաձայն՝ Մեսին ու Նեյմարը չեն կարող մեկնել Մեծ Բրիտանիա: Սա մեծ խնդիր է, քանի որ բրիտանացի ֆուտբոլիստները կարող են ազատ տեղաշարժվել Եվրոպայում, իսկ մյուսները չեն կարող մեկնել Մեծ Բրիտանիա»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է The New York Times-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Սերժ Օրյեին թույլ չէին տվել մեկնել Լոնդոնի «Արսենալի» դեմ արտագնա խաղին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Փարիզում 0:4 հաշվով պարտվել է ՊՍԺ-ին: Վերջին շրջանում Մեսիին ու Նեյմարին մեղադրանք էր ներկայացվել հարկերից խուսափելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում