22:24  ,  26 փետրվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում 3:2 հաշվով պարտության մատնելով «Սաութհեմփթոնին»:

19-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը գերազանց իրացրեց տուգանային հարվածը: Անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կրկնապատկեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առավելությունը: Սակայն «Սաութհեմփթոնը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադիդին, որը կարող էր նաեւ հեթ-տրիկի հեղինակ լինել, եթե մրցավարները նրա դիպուկ հարվածից հետո սխալմամբ չտեսնեին խաղից դուրս վիճակ եւ գրանցեին գոլը 11-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կորզեց վերջին րոպեներին Զլատան Իբրահիմովիչի խփած գոլի շնորհիվ: Նա գլխի հարվածով եզրափակեց իսպանացի Անդեր Էրերայի փոխանցումը:

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:

Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց երկրորդ տիտղոսը: 2016թ. օգոստոսին Անգլիայի Սուպերգավաթի խաղում գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով պարտության էր մատնել չեմպիոն «Լեսթեր Սիթիին»:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2

Զլատան Իբրահիմովիչ, 19, 87, Ջեսի Լինգարդ, 38 – Մանոլո Գաբյադինի, 45+1, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում